Ազգային ժողովում մտքերի փոխանակության փուլում ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, աշխատավարձերից հրաժարվելու հայտարարություններին և ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանի առաջադրմանը։ Անդրադառնալով աշխատավարձ ստանալու վերաբերյալ Արամ Վարդևանյանի պատասխանին՝ Գաբրիելյանն ընդգծեց.
«Օրինակ՝ ասվեց, որ բոլորս կստանանք աշխատավարձ, բացի պարոն Կարապետյանից։ Հիմա հարց է առաջանում․ բա էդ դեպքում իշխանության գալու դեպքում էդ ի՞նչ քաղաքական, տնտեսական առավելություններ պետք է ունենար Սամվել Կարապետյանը, որ էդ դեպքում պատրաստ էիք 1 դրամով աշխատել, իսկ հիմա, որ օրինակ իշխանություն չեք ստանձնել, ասում եք՝ չէ, աշխատավարձ կստանանք։ Անհասկանալի է՝ ինչի՞ պետք է բոլորդ ստանաք, պարոն Կարապետյանը չստանա։ Որ մի քիչ շա՞տ փող ունի։ Պարոն Ղազինյանի հայտարարագիրը տեսե՞լ եք։ Օրինակ՝ կարող եմ ելույթս ավարտել, գնանք նոտար, էն ինչը որ գրած է, դուք նոտարով ինձ նվեր տվեք, ես էլ եմ խոստանում՝ 5 տարի ոչ մի բան չեմ ստանա»,- դիմելով Ղազինյանին՝ ասաց Գաբրիելյանը։
Պատգամավորը հորդորեց տարանջատել անձնական ունեցվածքը պատգամավորական աշխատավարձից։ Ըստ Գաբրիելյանի՝ աշխատավարձ ստանալը նաև պետական ինստիտուտի նկատմամբ հարգանքի նշան է։
Անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող «մանդատագողություն» թեմային՝ Սիսակ Գաբրիելյանը նշեց․
«Ո՞վ է գողացել էդ մանդատները, ժողովո՛ւրդ ջան։ Էդ տրամաբանությամբ ստացվում է, որ Վահագն Հովակիմյանը բռնել է, Սահմանադրական դատարանը մորթել է, կերել են «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ձեր տրամաբանության դեպքում էլ հաշիվը դուք եք փակել։ Այնպես որ, եկեք ամեն անգամ, որ կասեք մանդատագողություն, ես ուղիղ մատնացույց կանեմ, որ էդ մանդատը նաև ձեզ է բաժին հասել»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան