ՀՀ և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են տվյալների կենտրոնների ոլորտում գործակցության հեռանկարներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Firebird AI-ի և համաշխարհային տեխնոլոգիական NVIDIA ընկերության համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով։

Երկու կողմերն էլ կարևորել են համաշխարհային հեղինակություն ունեցող կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացումը։

Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հրազդանում նախատեսվել է գործարկել Firebird ընկերության՝ 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնը, որը տարածաշրջանում ամենախոշորն է լինելու։ Ծրագրի երկրորդ փուլի գործարկումից հետո ներդրումների ընդհանուր ծավալը հասնելու է մոտ 5 միլիարդ դոլարի։ Դրա արդյունքում Հայաստանը ներառվելու է այս ոլորտում աշխարհի առաջատար 5 երկրների շարքում և վերածվելու է արհեստական բանականության համաշխարհային հանգույցի։

Leave a comment