Ֆիդան․ Թուրքիան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ջանքերին

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում ընթացող գործընթացներն ուղղակիորեն ազդում են Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա, հայտնում է APA-ն:

Հաքան Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ պետության դեմ։

«Ընդհանուր սպառնալիք չկա։ Ոչ մի պետություն թիրախ չի դառնա, քանի դեռ այն սպառնալիք չի ներկայացնում համաձայնագիրը ստորագրած երկրների համար», — հայտարարել է նախարարը։

Ֆիդանի խոսքով՝ տեխնիկական տեսանկյունից համաձայնագիրը նման է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին։ Նա համոզմունք է հայտնել, որ հաջորդ փուլում Եգիպտոսը կարող է միանալ այդ համագործակցությանը, ինչպես նաև չի բացառել Հարավային Կովկասի երկրների հետ համանման համաձայնագրեր կնքելու հնարավորությունը։

2025թ․ օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a comment