ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը։
Ներկայացված դիմումով Փիլոյանը խնդրել է Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով այդ դրույթը Վճռաբեկ դատարանին ուղղակիորեն հնարավորություն է տալիս վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ որոշման մեջ ընդհանրապես չպատճառաբանել այն եզրահանգումը, ըստ որի՝ բողոքարկվող դատական ակտի առնչությամբ իրավունքի զարգացման խնդիր գոյություն չունի, հայտնում է «Փաստինֆոն»:
Իր վերաբերյալ քրեական գործի դատավարական նախապատմությունը ներկայացնելիս դիմողը նշել է, որ երբ վճռաբեկ բողոքը ներկայացվել է այն պայմանին հղումով, համաձայն որի՝ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշման մեջ պարտավոր չէ հիմնավորել մատնանշված պայմանի բացակայությունը։ Մասնավորապես, դիմողի գնահատմամբ՝ վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասից բխում է, որ այն Վճռաբեկ դատարանին ուղղակիորեն հնարավորություն է տալիս վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ ամբողջությամբ չպատճառաբանել այն եզրահանգումը, որ բողոքարկվող դատական ակտի առնչությամբ իրավունքի զարգացման խնդիր առկա չէ։
Դիմողի գնահատմամբ՝ նման կարգավորումը համատեղելի չէ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակության հետ։ Նա համարել է, որ թիվ ՀԿԴ /0121/01/22 քրեական գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 4-ի որոշման դեմ իր պաշտպանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու հետևանքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ, արդարադատություն հայցելու վերջին ատյանում զրկվել է իր գործի համար էական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանից նախադեպային պատասխաններ ստանալու և դրանք իր գործով կիրառելի դարձնելու հնարավորությունից։
Դիմողը մատնանշել է, որ դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ թիվ ՀԿԴ /0121/01/22 քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կայացրած դատավճիռը վերանայող դատական կազմի նախագահող դատավորն իր համաձայնությունն է հայտնել այդ դատավճռի դեմ մեղադրյալ Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի համապատասխան հիմքին և հիմնավորմանը։ Դատավորը հատուկ կարծիք է ներկայացրել այն մասին, որ Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ իրականացված՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքներն ապացույցի կարգավիճակ են ստացել 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում՝ այդ արդյունքները որպես արտավարութային փաստաթուղթ ճանաչելու վերաբերյալ քննիչի՝ 2022 թվականի հուլիսի 22-ի որոշման ուժով։ Հետևաբար, ըստ այդ հատուկ կարծիքի, քննիչի որոշման մեջ նշված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տեսագրությունները, տեսաձայնագրությունները, ձայնագրությունները և օբյեկտիվ այլ փաստաթղթերը չէին կարող օգտագործվել տվյալ քրեական վարույթի ընթացքում։
Սահմանադրական դատարանը մերժել է գործի քննությունը՝ հիմք ընդունելով, որ դիմումով առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին։