Սուրբ Հովհաննեսի ուխտավորները շարունակում են վնասվածքներ ստանալ․ Նախագիծը կա, աստիճանը՝ ոչ

Լոռու մարզի Սուրբ Հովհաննես մատուռ տանող աստիճանների կառուցման նախագիծը պատրաստ է։ Այդ մասին տեղեկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, հայտնում է Sputnik Արմենիան:

«Լոռու մարզպետարանի տրամադրած տվյալների համաձայն՝ Սուրբ Հովհաննես մատուռ տանող աստիճանների կառուցման նախագիծն արդեն պատրաստ է։ Դրան համապատասխան ընթացք կտրվի»,- հայտնել են նախարարությունից։

Դեռևս 2024 թվականի դեկտեմբերին գրել էինք, որ իշխանությունները քննարկել են մատուռ տանող վտանգավոր վերելքի հատվածում աստիճանահարթակ կառուցելու հարցը։ Այդուհանդերձ, կառույցը մինչ օրս չի կառուցվել։

2024 թվականի ընթացքում, միայն պաշտոնական տվյալների համաձայն, մատուռ տանող վերելքի հատվածում վնասվածքներ է ստացել 65 մարդ։ Սակայն դրանք միայն պաշտոնապես գրանցված դեպքերն են, մինչդեռ իրականում տուժածների թիվն ավելի մեծ է եղել։ Վերջին պաշտոնապես արձանագրված միջադեպի մասին փրկարար ծառայությունը տեղեկացրել է հուլիսի 27-ին։ Հունիսին էլ փրկարարները ստիպված են եղել տուժածներից մեկին պատգարակով իջեցնել։

Սուրբ Հովհաննես մատուռը տեղակայված է Լոռու և Շիրակի մարզերի սահմանագոտում՝ Հարթագյուղ համայնքի մերձակայքում գտնվող դժվարանցանելի բլրի վրա։ Այն վաղուց դարձել է ուխտագնացության հայտնի վայր, քանի որ հավատացյալները համոզված են, որ այս վայրն օժտված է բուժիչ ուժով և նպաստում է երազանքների իրականացմանը։

Leave a comment