ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:
Օգոստոսի 8-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել է սպանություն պատվիրելու մեղադրանքով։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ տեղի ունեցած սպանությունը պատվիրել է Արգամ Աբրահամյանը։
ՔԿ-ն հայտարարել է, որ պլանավորված, համակողմանի ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աբրահամյանն իր կնոջը կասկածել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տրամադրելու մեջ։
Իրավապահների փոխանցմամբ՝ վրեժխնդրության շարժառիթով Աբրահամյանը որոշել է նրան կյանքից զրկել և իր մտադրությունն իրականացրել է անվտանգության աշխատակցի միջոցով։
Քննչական կոմիտեի հաղորդագրությունը խստորեն դատապարտել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ անընդունելի համարելով քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումը։