Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը դեպի կայուն խաղաղության համաձայնագրի կնքում. Հաքան Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը դեպի կայուն խաղաղության համաձայնագրի կնքում և արդեն պատկերացում ունի Հարավային Կովկասում ապագա անվտանգության ճարտարապետության և տնտեսական համագործակցության մասին։
«Կովկասում համաձայնությունից հետո այժմ գործում է հրադադար, և այն լավ պահպանվում է։ Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան։ Աջակցելով դրան՝ մենք նկատի ունենք անվտանգության որոշակի ճարտարապետություն և տնտեսական ճարտարապետություն»,-ասել է Ֆիդանը։
Նա նշել է, որ Թուրքիան զգալի ազդեցություն ունի բազմաթիվ ռազմավարական տարածաշրջաններում և անհրաժեշտ է համարում նման նախաձեռնությունների զարգացումը նաև Եվրոպայում։
Ֆիդանն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ներսում տարբեր աշխարհագրական ուղղությունների և տարբեր առաջնահերթությունների առկայությունը նոր երևույթ չէ։ Ըստ նրա, Թուրքիան գիտակցում է իր պատասխանատվությունը և չի կարող թույլ տալ, որ տարբեր աշխարհագրական տարածաշրջաններն ու առաջնահերթությունները միմյանց հետ հակասության մեջ մտնեն։
«Սա ոլորտ է, որը պետք է կառավարվի»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ մասին խոսել է նաև իր գերմանացի գործընկերոջ հետ։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի մոտեցումը հիմնված է տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի վրա։ Նա նշել է, որ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Թուրքիան միաժամանակ ռազմավարական կշիռ ունի մի քանի տարածաշրջաններում և կարծում է, որ նմանատիպ մոտեցում պետք է կիրառվի նաև Եվրոպայում։
Ֆիդանը հայտնել է, որ Անկարան եվրոպացի գործընկերների հետ լուրջ բանակցություններ է վարում այն մասին, թե անվտանգության ճարտարապետության ոլորտում ինչ քայլեր կարելի է ձեռնարկել։
«Աշխարհագրական տեսանկյունից Թուրքիան ունի ռազմավարական ուղղվածություն դեպի Եվրոպա և ավելի լայն եվրոպական տարածք՝ Կովկասի, Մերձավոր Արևելքի, Սև և Միջերկրական ծովերի, ինչպես նաև Բալկանների միջոցով։ Յուրաքանչյուր ռազմավարական տարածաշրջանի համար անհրաժեշտ է մշակել առանձին տեսլական, ապա համաձայնեցնել այդ տեսլականները, նույնիսկ եթե դրանց միջև առկա են լարվածության գոտիներ», — հայտարարել է նա։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ներսում ունի առանձնահատուկ աշխարհագրական դիրք, քանի որ միաժամանակ կապված է Մերձավոր Արևելքի և Կովկասի հետ, և այդ գործոնն արդեն հաշվի է առնվում ռազմավարական վերլուծության ժամանակ։
Նա նաև ընդգծել է Թուրքիայի ռազմավարական տարածության մասշտաբը՝ նշելով, որ յուրաքանչյուր տարածաշրջանում առկա են սեփական դիրքերն ու պայմանները։
Ըստ արտգործնախարարի, այս առանձնահատկություններին համապատասխան անհրաժեշտ է ձևավորել անվտանգության ճարտարապետություն և տնտեսական ճարտարապետություն։
«Քանի որ մենք չենք առաջնորդվում հեգեմոնիստական ընկալմամբ, մեզ անհրաժեշտ է դա կառուցել տարածաշրջանի երկրների հետ միասին», — ասել է Ֆիդանը։
Պատասխանելով Կովկասում և Կենտրոնական Ասիայում նմանատիպ մեխանիզմներ ստեղծելու հնարավորության մասին հարցին՝ նա հայտարարել է, որ նման կառույցներ կարող են ձևավորվել ըստ անհրաժեշտության։
«Երբեմն կարող է առաջանալ տնտեսության մեծ պահանջ։ Բայց Մերձավոր Արևելքի գլխավոր խնդիրն այժմ, ինչպես դուք գիտեք, փոխադարձ պատերազմներն են, վստահության բացակայությունն ու հակամարտությունները, ուստի պետք է սկսել անվտանգության ճարտարապետությունից։ Եվրոպայում նույնպես ընթանում է անվտանգության ճարտարապետության որոնում», — ասել է Ֆիդանը։
Նա նշել է, որ երկարաժամկետ և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր է Թուրքիայի միջոցով համաձայնեցնել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետությունները։
«Սրա համար մտավոր և հայեցակարգային նախապատրաստությունն արդեն ձևավորվել է։ Երբ մենք մշակում ենք սցենարներ, տեսնում ենք, որ Եվրոպայում նույնպես չափազանց էքսպանսիոնիստական մոտեցում չկա։ Այնտեղ գերակշռում է պետության այնպիսի ընկալումը, որը ցանկանում է, որ իր տարածքում ոչ ոք չհարձակվի, տնտեսությունն ու զարգացումը լավ ընթանան, և երկիրը տնտեսության մեջ մնա մրցունակ», — հայտարարել է նախարարը։
Նրա կարծիքով, Եվրոպայի և այլ տարածաշրջանների ռազմավարական դիրքորոշումները կարող են համաձայնեցվել։ Միևնույն ժամանակ Ֆիդանը նշել է, որ այս հարցերը Թուրքիայի գործընկերների հետ թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Եվրոպայում արդեն երկար ժամանակ քննարկվում են, սակայն դրանց գործնական իրականացումը ժամանակ կպահանջի։
«Ընդհանուր առմամբ, սրանք հարցեր են, որոնք լայն ընդունելություն են ստանում, սակայն դրանց գործնական իրականացումը ժամանակ է պահանջում։ Եվրոպայում վերափոխումն ավելի երկարաժամկետ կլինի», — եզրափակել է Ֆիդանը։