ՈւԵՖԱ-ն կարող է հետաքննություն սկսել Ինֆանտինոյի գործունեության վերաբերյալ. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Ինֆանտինոն 2009 թվականին դարձել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2016 թվականը` մինչևՖԻՖԱ-ի նախագահ ընտրվելը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik.Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) դիտարկում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոյի՝ կազմակերպությունում աշխատելու տարիներին ծավալած գործունեության վերաբերյալ հետաքննություն սկսելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ այն ժամանակ, երբ Ինֆանտինոն ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարն էր, մի կին, որը, ենթադրաբար, նրա հետ հարաբերությունների մեջ է եղել, աշխատանքից հեռանալիս կազմակերպությունից վեցանիշ գումար է ստացել որպես փոխհատուցում։ Նշվում էր նաև, որ ՈւԵՖԱ-ն վճարել է բիզնես դպրոցում նրա ուսման համար։ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն հերքել են այդ տեղեկությունը՝ ընդգծելով, որ աշխատակցուհուն կատարված վճարումը համապատասխանել է եվրոպական ֆուտբոլային կառույցի կանոնակարգին։

The Telegraph-ի տվյալներով՝ ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը կարող է հետաքննություն սկսել՝ ուսումնասիրելու Ինֆանտինոյի գործունեությունը կազմակերպությունում աշխատած ամբողջ 16 տարիների ընթացքում։

Մասնավորապես, ՈւԵՖԱ-ն ցանկանում է պարզել կնոջը կատարված վճարման հանգամանքները, ինչպես նաև արդյոք ենթադրյալ հարաբերությունները կարող էին ազդեցություն ունենալ կադրային որոշումների վրա։

Ինֆանտինոն ՈւԵՖԱ-ում աշխատել է 2000 թվականից։ 2009 թվականին նա դարձել է կազմակերպության գլխավոր քարտուղար և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2016 թվականը, երբ ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ։

Leave a comment