Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին Հայաստան, հայտարարել է, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, իսկ Փաշինյանի հետ չէր հանդիպել, սա նշանակում է, որ նրա հետ ավելի լուրջ խոսակցություններ ուներ։
«Ես կասկածներ ունեմ, որ Վենսը Բաքվում ավելի լուրջ հարցեր կքննարկի, քան քննարկել է Հայաստանում։ Ինչը զարմանալի չէ, որովհետև հաղթած ղեկավարի հետ են լուրջ հարցեր քննարկում, պարտվածի հետ՝ ոչ»,-ասել է նա։
Խաչատրյանը նաև ընդգծել է, որ գործող իշխանությունները հավատարիմ են իրենց զեղծարարության գործելաոճին։ «Չմոռանանք, որ օգոստոսի 8-ի թուղթը, որը ստորագրվել էր՝ երկկողմանի համատեղ հայ հռչակագիր էր Ալիևի և Փաշինյանի միջև, որը արվել էր Թրամփի ներկայությամբ, բայց Փաշինյանի կայքում ներկայացնում էին, որ դա եռակողմ հռչակագիր է։ Ակնհայտ է, որ փորձում էին խաբել, պատահական նման սխալ չի լինում, թարգմանության այդպիսի սխալ չի լինում։ Բայց մի բան է եռակողմ հռչակագիր, մի բան է երկկողմ հռչակագիր։
Նույնը տեղի ունեցավ երեկ՝ «ներդրումներ» բառի հետ կապված, Վենսը «ներդրում» բառ չի ասել, մինչդեռ, մեր որոշ հայրենակիցներ անտեղեկությունից վարդագույն օպտիմիզմով են համակվել, որ հեսա -հեսա Միացյալ Նահանգները 9 միլիարդի ներդրում կկատարի, ոմանք նույնիսկ առաջ են գնացել՝ ասում են 9 միլիարդի օգնություն կստանանք, անգամ, չեմ զարմանա, որ բաժանում են 3 միլիոնի, ասում են՝ ամեն մեկին՝ 1,7 միլիոն փող է գալիս։
Խոսքը գնում էր էներգետիկ ոլորտում առևտրի մասին, այսինքն, 5 միլիարդի առևտրի պոտենցիալ կա՝ հիմնական էներգետիկ բնագավառում, ևս 4 միլիարդը վառելիքի գնման, սպասարկման ոլորտում, որովհետև ակնհայտ է, որ եթե ատոմակայան են կառուցվում, այդ վառելիքը պետք է գնվի, պետք է օգտագործվի»,-ասել է նա։