Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Աննկարագրելի ուրախությամբ հայտնում եմ, որ քիչ առաջ Հրազդանում բացվեց Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Կեցցե՛ մեր չքնաղ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա։
NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում Firebird-ի ԱԲ գործարանի գործարկման կապակցությամբ, հայտնում է Factor.am-ը:
«Firebird-ը Հայաստանում գործարկում է ԱՊՀ տարածաշրջանի խոշորագույն AI գործարանը՝ ձևավորելով արհեստական բանականության նոր հաշվարկային կենտրոն, որը հիմնված է NVIDIA-ի արագացված հաշվարկային տեխնոլոգիաների և Dell Technologies-ի բարձր արտադրողականության AI ենթակառուցվածքի վրա։ Նախագիծը նպատակ ունի տարածաշրջան բերել AI ենթակառուցվածքների համաշխարհային պահանջարկը, ստեղծել տեղական զարգացման նոր հնարավորություններ և խթանել տնտեսական աճը»,- ասված է տեսանյութին ուղեկցող տեքստում։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հրազդանում նախատեսվել է գործարկել Firebird ընկերության՝ 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնը, որը տարածաշրջանում ամենախոշորն է լինելու։ Ծրագրի երկրորդ փուլի գործարկումից հետո ներդրումների ընդհանուր ծավալը հասնելու է մոտ 5 միլիարդ դոլարի։ Դրա արդյունքում Հայաստանը ներառվելու է այս ոլորտում աշխարհի առաջատար 5 երկրների շարքում և վերածվելու է արհեստական բանականության համաշխարհային հանգույցի։