Գայանե Աբրահամյանը՝ ՔԿ հաղորդագրության մասին․ Անձնական կյանքի մանրամասները հրապարակելու իմաստը ո՞րն է

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Գայանե Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու` Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի ձերբակալության վերաբերյալ տարածված հաղորդագրությունում նրա ընտանիքին առնչվող մանրամասների հրապարակմանը:

«Քննչական կոմիտեն այլ իրավիճակում որևէ մանրամասն շատ հանգիստ որակում է նախաքննական գաղտնիք ու տվյալները փակում, հիմա էս մանրամասների հրապարակումն ու անձնական կյանքի մանրամասները հրապարակելու իմաստը ո՞րն է, հասկանո՞ւմ եք, որ էս սահմանները հատելը միայն իրավական խնդիր չէ։

Պարզ էր չէ՞, որ բոլորին էլ հասկանալի էր դառնալու, անգամ եթե միայն ինիցիալներն եք նշել։

Սա իրավունքների տոտալ, անընդունելի խախտում է, որքան էլ բոլորս գիտենք, որ այս ընտանիքները տասնյակ տարիներ անպատժելի են եղել, բայց իրավունքի պաշտպանությունը, անմեղության կանխավարկածի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի պաշտպանությունը ընտրովի չեն, բոլորի համար են` անխտիր։

Էլ չեմ խոսում, որ այդ մանրամասները որևէ կարևորություն չունեն, հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը դրանց բացակայությունից որևէ կերպ չէր տուժելու, թե՞ արվում է, որ ցավեցնեք հորը, բայց հերթական անգամ կնոջ իրավունքները ոտնահարելով և վնասելով»,-գրել է նա:

Արգամ Աբրահամյանը մեղադրվում է 2023 թվականին Մյասնիկյան պողոտայում Ս․Վ․-ի ( Սողոմոն Վլասյանի) սպանությունը պատվիրելու մեջ: Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Leave a comment