Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, կնշվի օգոստոսի 16-ին (PAN.am)

Այս տարի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ ժողովրդի շրջանում Խաղողօրհնեք անունով հայտնի եկեղեցական տոնը, նշվելու է օգոստոսի 16-ին։

Աստվածածնի Վերափոխման տոնը նաև Խաղողօրհնեք է կոչվել այն պատճառով, որ Սուրբ Պատարագից հետո օրհնվում է խաղողը, որից հետո ողկույզները բաժանվում են ժողովրդին։ Պտուղներից օրհնության համար ընտրվել է հենց խաղողը, քանի որ Տերը խաղողի որթը մյուս բոլոր ծառերից առավել է բարձրացրել ու պատվել՝ Ինքն Իրեն խաղողի որթ անվանելով։

Սուրբ Գրքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո Աստվածածինը մոտ 12 տարի պահք է պահել, այցելել իր Որդու գերեզմանին և շարունակաբար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ընթացքում նրան այցելել է Գաբրիել հրեշտակապետն ու հայտնել երկրային աշխարհից նրա վերափոխման մասին. «Մա՛յր սրբության և առագա՛ստ երանության, տաճա՛ր խնդության և քաղա՛ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՛րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել», գրում է Aysor.am-ը:

Դրանից 14 օր անց Գաբրիել հրեշտակապետը կրկին եկել և հայտնել է Աստծո մոտ փոխվելու մասին։ Հեռանալուց առաջ Մարիամը Հովհաննեսին խնդրել է Սուրբ Պատարագ մատուցել, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը։ Այդ ժամանակ Հովհաննես առաքյալը կատարել է Պատարագի Սուրբ խորհուրդը, իսկ Աստվածածինը բոլորին տեղեկացրել է իր հեռանալու մասին՝ որպես իր հանգստյան վայր նշելով Գեթսեմանիի պարտեզը։

Հովհաննեսը վերցրել է մի տախտակ և տվել Տիրամորը՝ խնդրելով իր պատկերը դրոշմել դրա վրա։ Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել ու դրել երեսին, արցունքներով թրջել այն և Աստծուց խնդրել, որպեսզի այդ պատկերի միջոցով մարդիկ կարողանան բժշկվել իրենց մեղքերից ու հիվանդություններից։

Աստվածածնի Վերափոխման տոնին Մարիամ, Մարո, Մարի, Մարիանույշ և բազմաթիվ այլ անուններ տոնելի են։

Տոնից մեկ շաբաթ առաջ սկսվում է պահքը, իսկ դրան հաջորդող օրը նշվում է մեռելոցը։

Leave a comment