Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների առաջին տարեդարձի առիթով տեսաուղերձ է հրապարակել՝ նշելով, որ երկու երկրները կոնկրետ քայլեր են անում կայուն խաղաղության ճանապարհին:
Նա նաև հայտարարել է, որ TRIPP երթուղին պետք է ապահովի Ադրբեջանի անխոչընդոտ կապը Նախիջևանի հետ:
Դիվանագետը հիշեցրել է, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը պատմական խաղաղության գագաթնաժողովի շրջանակում հյուրընկալել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրում է APA-ն:
«Այդ օրը երեք առաջնորդները նախաստորագրեցին համաձայնագիրը՝ հիմք դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությանը՝ ավելի քան երեք տասնամյակ շարունակված հակամարտությունից հետո»,- նշել է նա։
Դիվանագետի խոսքով՝ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հավատարիմ են մնացել Սպիտակ տանն անցկացված գագաթնաժողովի ոգուն։
«Օգոստոսի 8-ից ի վեր Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն անսասան հավատարմություն են ցուցաբերում Սպիտակ տան գագաթնաժողովի ոգուն, համարձակ և կոնկրետ քայլեր են ձեռնարկում կայուն խաղաղության ճանապարհին»,- ընդգծել է Քարլոնը։
Նա հայտնել է, որ մեկ տարվա ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կանոնավոր շփումներ են հաստատվել, ինչպես նաև ձևավորվել են առաջին սահմանային առևտրային կապերը։ Դիվանագետն առանձնահատուկ նշել է, որ Հայաստանը սկսել է Ադրբեջանից պարբերաբար վառելիք ձեռք բերել։
Քարլոնը նաև հայտարարել է, որ օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների առանցքային բաղադրիչներից մեկը դարձել է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ TRIPP նախագծի ստեղծումը։
«TRIPP երթուղին պետք է Ադրբեջանին անխոչընդոտ հասանելիություն ապահովի Նախիջևանին, ամրապնդի տարածաշրջանային ինտեգրումը և Արևելք-Արևմուտք ուղղությամբ տրանսպորտային կապերը, ինչպես նաև փոխադարձ տնտեսական օգուտ և բարեկեցություն ստեղծի Ադրբեջանի և տարածաշրջանի համար»,-ասել է նա:
Քարլոնը նաև անդրադարձել է ամերիկա-ադրբեջանական ռազմավարական գործընկերությանը, հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Դոնալդ Թրամփը և նախագահ Իլհամ Ալիևը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի նպատակն է ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունները նոր մակարդակի հասցնել։
Նրա խոսքով՝ այդ գործընթացն այս տարվա փետրվարին շարունակվել է, երբ Բաքու կատարած այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության խարտիան։
Քարլոնը հայտնել է, որ դրանից հետո կողմերն սկսել են աշխատել ռազմավարական գործընկերության իրականացման ուղղությամբ, իսկ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների թիվն ավելացել է։
Դիվանագետը նշել է, որ հունիսին ստորագրվել է կարևորագույն հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման նոր հուշագիր, առաջին անգամ անցկացվել է ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական երկխոսությունը, իսկ ամերիկյան ընկերությունները միլիարդավոր դոլարների առևտրային և ներդրումային համաձայնագրեր են կնքել։
Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ ցույց է տվել Հարավային Կովկասում խաղաղությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգների հանձնառությունը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր արձանագրած առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ մենք աշխատում ենք միասին։ Վստահ եմ, որ առաջիկա տարիներին մեր երկրները համատեղ ջանքերով կհասնեն ևս բազմաթիվ կարևոր հանգրվանների»,- հավելել է Քարլոնը։
2025թ․ օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։