Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 14.8 տոկոսով՝ հասնելով 1 միլիոն 41 հազար 598-ի։
2025 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է 907 հազար 135։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում զբոսաշրջիկների թիվն ավելացել է 134 հազար 463-ով, հայտնում է Արմենպրեսը:
Զբոսաշրջիկների գիշերակացերի ընդհանուր քանակը հասել է 31 միլիոն 344 հազար 263-ի, իսկ մեկ այցի միջին տևողությունը կազմել է 30 օր։ Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում Հայաստան այցելության միջին տևողությունը կազմել է 31 օր։
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում 597 հազար 668-ը տղամարդիկ են եղել, իսկ 443 հազար 930-ը՝ կանայք։ Ամենախոշոր տարիքային խումբը կազմել են 36-63 տարեկանները, որոնց թիվը հասել է 544 հազար 984-ի։
Միաժամանակ, Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների քանակը նվազել է 8.3 տոկոսով՝ 748 հազար 331-ից հասնելով 686 հազար 277-ի։ Արտասահման նրանց ուղևորությունների միջին տևողությունն աճել է՝ 36 օրից հասնելով 39 օրվա։