Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին`Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը: Նա մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ, հայտնում է Քննչական կոմիտեն:
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Նրան կասկածում են 2023 թվականին Մյասնիկյան պողոտայում Ս․Վ․-ի ( Սողոմոն Վլասյանի) սպանությունը պատվիրելու մեջ:
Ըստ ՔԿ-ի, որ ծրագրված, համակողմանի ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է՝ Ա.Ա.-ն իր կնոջը՝ Է.Ծ.-ին, կասկածել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրան խոշոր գումարներ փոխանցելու մեջ։ Ըստ քննության՝ վրեժխնդիր լինելու շարժառիթով Ա.Ա.-ն նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է հանցավոր մտադրությունն անձամբ չիրագործել և դա կատարել իրենից ֆինանսական ու անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով։
Այնուհետև Ա․Ա․-ն, օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ իր ունեցած ազդեցությունը, ինչպես նաև վերջինիս հավատարմությունն ու պատրաստակամությունը, հանձնարարություն տալու միջոցով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։
Քննության տվյալներով՝ Ա.Ա.-ի հանձնարարությունն ընդունելով որպես պատվեր՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի կիրառմամբ սպանել է Ս․Վ․-ին։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի ներկայացրած միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար։
2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Ա․Ա․-ին՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։
Ավելի վաղ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության, և 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի ապօրինի շրջանառության համար։ Դեռևս 2024 թվականի ապրիլին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Նախաքննությունը շարունակվել է, իսկ դեպքի բոլոր հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով իրականացվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։