«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում արձանագրվել է ավելի քան 500 միլիոն դրամի խնայողություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Մրցույթի հաղթող է դարձել «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված նույն ընկերությունը, որը նախորդ տարիներին ևս հաշվիչներ է մատակարարել ՀԷՑ-ին։
«Ընկերությունը, որը վերջին տարիներին «մենաշնորհային» մատակարարումներ էր անում ՀԷՑ-ին, սակայն այս անգամ «ստիպված էր» վերասակարկել մատակարարման գնի շուրջ, քանի որ բաց և թափանցիկ մրցութային գործընթացին այժմ արդեն մասնակցում էր ՀՀ-ում գործող մեկ այլ էներգատեխնիկական ոլորտի արտադրանք տվող հսկա ձեռնարկություն, ում մուտքն այս ոլորտ տարիներ ի վեր «փակ էր» ՀԷՑ-ի օրվա սեփականատերերի «թեթեւ ձեռամբ»,-ասվում է գրառման մեջ:
Պետրոսյանը հայտնել է, որ այս անգամ մատակարար ընկերությունը վերասակարկել է իր առաջարկած գինը, քանի որ բաց մրցույթին մասնակցություն է ունեցել նաև Հայաստանում գործունեություն ծավալող մեկ այլ խոշոր էներգատեխնիկական արտադրող։
«Պետության կողմից լեգիտիմ միջամտության և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման մեկնարկից ի վեր, ըստ իս, սա ամենաակնառու և խոսուն փաստն է, որ վերահաստատում է ընթացիկ գործընթացների խիստ անհրաժեշտությունն ու արդարացվածությունը մեր երկրի ու ժողովրդի համար»,- գրել է Պետրոսյանը։
Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ ՀԷՑ-ի գնումների տարեկան պլանով 25 հազար հաշվիչ ձեռք բերելու համար նախատեսվել է մոտ 2 միլիարդ դրամ, մինչդեռ մրցույթի նախահաշվային արժեքը կազմել է մոտ 1 միլիարդ 944 միլիոն դրամ։
Մրցութային գործընթացում տեղի ունեցած վերասակարկման արդյունքում հաղթող կազմակերպությունն առաջարկել է հաշվիչների նույն խմբաքանակը մատակարարել 1 միլիարդ 430 միլիոն դրամով։
Արդյունքում մրցույթի նախահաշվային արժեքի նկատմամբ ապահովված խնայողությունը գերազանցել է 500 միլիոն դրամը։
«Տնտեսված գումարը վերաբաշխվելու է և հատկացվելու բաշխման ցանցի արդիականացման անհետաձգելի աշխատանքներին՝ հաճախակի վթարներ արձանագրող բնակավայրերից մեկում»,-ասվում է գրառման մեջ:
ՀՀ կառավարությունը նախաձեռնելու է ՀԷՑ-ի բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց: Կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու համար 380,000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այդ չափը անընդունելի էր համարել, և մայիսի 25-ին ՀՀ կառավարության հետ բանակցությունները չեն կայացել։