«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Արարատի մարզի դատախազությունն «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝ Արարատի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով օրենսդրությունը՝ առանց որևէ հիմքի, 2008 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ, «վերականգնել» է Արարատ քաղաքի Կոլխոզնիկների 32 հասցեում գտնվող մարզադպրոցի զբաղեցրած՝ 473 քմ մակերեսով հողամասի հողահատկացման հիմքերն այն դեպքում, երբ վերոնշյալ գույքը երբևէ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության հաշվեկշռում հաշվառված չի եղել և հողամասի նկատմամբ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունն օգտագործման իրավունք չի ունեցել:

Այնուհետև «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Լ.Հ.-ն Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանում է ներկայացրել կեղծ տեղեկանք այն մասին, թե Արարատ քաղաքի վերոնշյալ մարզադպրոցը հանդիսանում է «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության սեփականությունը և հաշվառված է ընկերության հաշվեկշռում:

Նշված կեղծ տեղեկանքի և համայնքի ղեկավարի՝ 2008 թվականի դեկտեմբերի 12-ի ապօրինի որոշման հիման վրա՝ 2008 թվականի դեկտեմբերի 22-ին Կադաստրի կոմիտեում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքն է գրանցվել Արարատ քաղաքի Կոլխոզնիկների 32 հասցեում գտնվող 301,20 քմ մակերեսով մարզադպրոցի և դրանով զբաղեցված 473 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի օգոստոսի 6-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման, «Արարատցեմենտ» ընկերությանն օտարված 74,1 հա մակերեսով հողամասերի և վարձակալության տրված 457,79 հա մակերեսով հողամասերի, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման, ինչպես նաև «Արարատցեմենտ» ընկերության կողմից իրականացվող հանքարդյունաբերության գործընթացներում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ:

Հայտնաբերված խախտումների հիմքով Դատախազությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և հայցադիմումներ՝ իրավասու դատարան:

Բացի այդ, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

 

Հանրային կապերի բաժին

Leave a comment