Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն անընդունելի և դատապարտելի է գնահատել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դատարան կանչելը։
Արամ Ա-ն հայտնել է, որ ինքն ու Գարեգին Բ-ն մշտական կապի մեջ են և պարբերաբար խորհրդակցում են հայրենիքին ու հայ ժողովրդին մտահոգող խնդիրների շուրջ, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:
«Մեր խոր ընդվզումը հայտնեցինք Գարեգին Վեհափառին և նույնիսկ առաջարկեցինք դատարան չներկայանալ և իր ներկայացուցչին ուղարկել։
Կոչ ենք անում պետական պատասխանատուներին հարգալից վերաբերմունք ցուցաբերել մեր եկեղեցու ու Վեհափառի անձի նկատմամբ և հարցերը քննել փոխադարձ հասկացողության ու պատշաճության սահմաններում՝ հարգելով պետութեան օրենքները և եկեղեցու ներքին կարգն ու կանոնը»,-ասվում է Արամ Ա-ի հայտարարության մեջ:
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի քրեական գործով նախնական դատալսումների առաջին նիստը։