ՆԳ նախարար․ Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն»

Քաղաքացիությունը չի կարող ներդրման դիմաց արագ տրամադրվող ծառայություն լինել և պետք է հիմնված լինի պետության հետ իրական ու կայուն կապի վրա, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Անդրադառնալով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով ամրագրված՝ ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու կամ այսպես կոչված «ոսկե անձնագրերի» սխեմայից զերծ մնալու պահանջին՝ նա շեշտել է, որ այն կանխարգելիչ տրամաբանությամբ սահմանված հենանիշ է։ Նրա գնահատմամբ՝ այդ պահանջը լիովին համապատասխանում է Հայաստանի քաղաքացիության ինստիտուտի բարեփոխումների օրակարգին և չի հակասում երկրի ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված պետական ծրագրերին։

«Ժամանակ առ ժամանակ ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու հայեցակարգը քննարկվել է, և այդ քննարկումները նոր չեն։ Սակայն որպես ոլորտի պատասխանատու՝ իմ դիրքորոշումը հստակ և սկզբունքային է. քաղաքացիությունը չի կարող լինել ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն։ Այն ինստիտուտ է, որը պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա»,- շեշտել է Արփինե Սարգսյանը, հայտնում է նախարարությունը:

Նրա խոսքով՝ Հայաստանը «ոսկե անձնագրերի» տրամադրման մեխանիզմներ չի զարգացրել, իսկ ներկայում որդեգրված քաղաքական ուղղությունները նույնպես նման մոդելի ներդրում չեն նախատեսում։

ՆԳ նախարարը շեշտել է, որ այդ մոտեցումը որևէ ձևով չի սահմանափակում ներդրումային քաղաքականությունը։ Նրա ներկայացմամբ՝ ներդրումների խրախուսումն ու քաղաքացիության ինստիտուտը տարբեր տրամաբանությունների վրա են հիմնված և չեն կարող դիտարկվել որպես միմյանց հետ փոխկապակցված ու փոխարինելի գործիքներ։

«Մեր քաղաքական մոտեցումը հետևյալն է՝ ներդրումների համար մենք ստեղծում ենք կայուն և բաց միջավայր, իսկ քաղաքացիությունը պահում ենք որպես պետության հետ կայուն և իրական կապի վրա հիմնված ինստիտուտ։ Հիմա մշակում ենք «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթ, որտեղ նաև խստացումների ճանապարհով ենք գնալու։ Սա նշանակում է, որ մենք վերաարժևորում ենք քաղաքացիությունը որպես ինստիտուտ»,- նշել է ՆԳ նախարարը։

2026-ի աշնանից ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը:

Leave a comment