Փաշինյան․ Այս պահին ԵՄ-ԵԱՏՄ հարցով հանրաքվե անցկացնելը մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի 

Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության խորացումը շարունակում է մնալ արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում։

«Այդ մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Փաշինյանն անդրադարձել է նաև 2026 թվականի մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ընդունած հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմն այն ի գիտութուն է ընդունել, հայտնում է Factor.am-ը:

Նա նաև ասել է, որ այս պահին ԵՄ-ԵԱՏՄ հարցով հանրաքվե անցկացնելը «մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ»:

«Հայաստանն ի գիտություն է ընդունել ԵՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների՝ 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարությունը, որով նրանք աջակցություն են հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը։ Ինչպես գիտեք՝ 2025 թվականին Հայաստանը ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք է ընդունել։ Այս օրենքի ընդունման ռազմավարական նպատակն է մեր երկրի համար այլընտրանքի ստեղծումը։ Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է։ Սակայն այս օրենքի ընդունման փաստը միայն չի նշանակում, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ», – ասել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ վարչապետը նշել է, որ ապագայում, երբ Հայաստանը պատրաստ լինի ԵՄ-ին անդամակցելուն, այդ հանգամանքն ինքնին դեռ չի նշանակելու, որ երկիրն ինքնաբերաբար դառնալու է Եվրոպական միության անդամ։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս այն սկզբունքներին հետևելու օգտին, որոնք դրված են ԵԱՏՄ-ի հիմքում։

«ԵԱՏՄ-ի հիմնարար սկզբունքներից է ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը։ Ցավոք, գործնականում այս սկզբունքները լիարժեք չեն իրականացվում։ Առանձին սահմանափակումները և վարչարարական միջոցները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք աշխատանքին՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հետևողականորեն ապահովել է առավելագույն բարենպաստ, հավասար և ոչ խտրական պայմաններ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տնտեսվարողների գործունեության համար։

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ նույն մոտեցումը պետք է լինի ԵԱՏՄ ամբողջ տարածքում։ Այդ պատճառով մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ ցանկացած միջոցները, որոնք կարող են նպաստել ապրանքների և ծառայությունների հասանելիությանը ԵԱՏՄ ընդհանուր շուկայում, ընդունվեն բացառապես ԵԱՏՄ նորմերին համապատասխան՝ համաձայնեցված գործընթացների և պատկան մարմինների միջև կառուցողական փոխգործակցության հիման վրա։ Նման հարցերի անտեսումը կարող է ոչ միայն արգելակել ԵԱՏՄ-ի հետագա զարգացումը, այլև բացասական ազդել մեր երկրների քաղաքացիների և գործարար հանրության վերաբերմունքի վրա»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Օգոստոսի 6-ին Փաշինյանը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Նիստի սկզբում Ադիլբեկ Կասիմալիևը ողջունել է ներկաներին և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի և ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով:

Նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:

Leave a comment