Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ամառային դպրոցի շրջանակում անցկացրել է բնապահպանական կրթական ինտերակտիվ միջոցառում՝ ներկայացնելով «Մտապահիր կենդանիներին» նոր կրթական խաղը։
Խաղի ընթացքում երեխաները ծանոթացել են Հայաստանում հանդիպող կենդանատեսակներին՝ միաժամանակ զարգացնելով հիշողությունը, ուշադրությունն ու ճանաչողական հմտությունները։ Նախաձեռնության նպատակն է խաղային և երեխաների համար հասանելի ձևաչափով զարգացնել նրանց հետաքրքրությունը բնության նկատմամբ, բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության և Հայաստանի կենսաբազմազանության վերաբերյալ իրազեկվածությունը։
Ամառային դպրոցի սաների հետ խաղի փորձարկմանը և բնապահպանական թեմաներով քննարկմանը մասնակցել է նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ucom-ի՝ որպես կանաչ ընկերության համար կարևոր է աջակցել նախաձեռնությունների, որոնք օգնում են ճանաչել Հայաստանի բնությունը և դեռ փոքր տարիքից գիտակցել այն պահպանելու իրենց դերը։ Բնապահպանական մտածողությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ բնության մասին գիտելիքները ներկայացվում են հասկանալի և հետաքրքիր ձևով։ Խաղը լավագույն գործիքներից մեկն է, քանի որ այն միավորում է կրթությունը, հաղորդակցությունն ու անմիջական մասնակցությունը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրենը։
«Արևորդի» ՀԿ-ի առաքելության առանցքում երեխաների ու պատանիների բնապահպանական կրթությունն է։ «Մտապահիր կենդանիներին» խաղը պարզապես ժամանց չէ․ այն հնարավորություն է փոքր տարիքից ճանաչելու Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու եզակի կենդանատեսակները։ Սովորելով սիրել ու պահպանել բնությունը խաղի միջոցով՝ երեխաները դառնում են դրա ապագա պաշտպանները։ Ուրախ ենք Ucom-ի հետ այս համագործակցության համար, որի շնորհիվ ստեղծել ենք գործնական ու հետաքրքիր կրթական գործիք», – ընդգծել է «Արևորդի» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Սոնա Քալանթարյանը։
Միջոցառման ավարտին խաղի օրինակներ են տրամադրվել Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանին և մասնակից երեխաներին՝ հնարավորություն տալով շարունակել բացահայտել Հայաստանի կենդանական աշխարհը նաև հանդիպումից հետո։
Նախաձեռնությունն իրականացվում է նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին ընդառաջ իրականացվող իրազեկման աշխատանքների շրջանակում։ Նախատեսվում է տպագրել խաղի ավելի քան 500 օրինակ, որոնք COP17-ի ընթացքում կանաչ գոտում կտրամադրվեն երեխաներին։