ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ երկրների մատակարարներին կոչ է արել ռեեստրում թարմացնել արտադրանքի համապատասխանության գնահատմանը վերաբերող տվյալները։ Նրա խոսքով՝ այդ ընթացակարգն անհրաժեշտ է վաճառողների ապրանքները ռուսական մարքեթփլեյսներում ներկայացնելու համար։
«Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում հարթակային տնտեսության մասին նոր օրենքը, որն այս ոլորտում թափանցիկ կանոններ կստեղծի։ Եթե ապրանքի նկատմամբ սահմանված են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներ, ապա առաջին հերթին մեր մարքեթփլեյսներում ստուգվելու է փաստաթղթերի «միութենական» ռեեստրում համապատասխանության հավաստագրի կամ հայտարարագրի առկայությունը, որի վարումը մեզ մոտ իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը», — ասել է Միշուստինը, հայտնում է Kommersant-ը:
Հարթակային տնտեսության մասին օրենքով միասնական մոտեցում է սահմանվել մարքեթփլեյսների, ծառայությունների ագրեգատորների և առաքման ծառայությունների աշխատանքի համար։ Փաստաթղթով պահանջներ են սահմանվել ապրանքային քարտերի, զեղչերի տրամադրման կարգի, պայմանագրերի փոփոխման ընթացակարգի և պատվերների հանձնման կետերի նկատմամբ։
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները մտադիր են ստորագրել միության ներքին շուկայում ապրանքների էլեկտրոնային առևտրի վերաբերյալ համաձայնագիր։ Այն նախատեսված է վաճառողների և գնորդների շահերը պաշտպանելու համար։