Wildberries-ն օգոստոսի 7-ից վերանայել է ապահովագրության պայմանները՝ դրանում ներառելով անօդաչու թռչող սարքերի հարձակումների ռիսկը և վաճառողների համար սակագները բարձրացնելով 40 տոկոսով։
Վաճառողներն այժմ կարող են փոխհատուցում ստանալ, եթե ապրանքները վնասվել կամ կորել են անմիջական ահաբեկչական հարձակման, դիվերսիայի կամ դրանց հետևանքների պատճառով։
Ընկերության կայքում, մասնավորապես, նշվել է․ «Օրինակ՝ եթե ապրանքը վնասվի ԱԹՍ-ի բեկորների ընկնելուց հետո առաջացած հրդեհի հետևանքով», գրում է Current time-ը:
Այս տեսակի ռիսկի դեպքում փոխհատուցման առավելագույն չափը մեկ պատվերում յուրաքանչյուր ապրանքի համար կազմելու է մինչև 50 հազար ռուբլի և յուրաքանչյուր ապահովագրական դեպքի համար՝ ոչ ավելի, քան 100 հազար ռուբլի։ Wildberries-ից հայտնել են, որ փոխհատուցման ճշգրիտ գումարը որոշվելու է դիմումը ստանալուց և յուրաքանչյուր ապահովագրական դեպքի «առանձնահատկությունները» հաշվի առնելուց հետո։
Ապահովագրական ծածկույթի ընդլայնման հետևանքով կամավոր ապահովագրության սակագներն օգոստոսի 7-ից կազմելու են ապրանքի արժեքի 1․96-5․6 տոկոսը։ «Վերստկան» նշել է, որ նախկինում վաճառողների համար ապահովագրության ձևակերպման արժեքը կազմել է 1․4-4 տոկոս, իսկ այժմ այդ ցուցանիշն աճել է 40 տոկոսով։
Ուկրաինան հուլիսի կեսերից շարունակել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին։ Ընդհանուր առմամբ հարձակման է ենթարկվել ավելի քան 20 պահեստ։ Օգոստոսի 7-ին հարված է հասցվել նաև Եկատերինբուրգի պահեստին։
Վաճառողները զանգվածաբար բողոքել են պահեստներում հարյուրավոր միլիոն ռուբլու ապրանքների կորստից, ինչպես նաև հայտնել են, որ ընկերությունն իրենց չի փոխհատուցում կրած վնասները և թույլ չի տալիս դուրս բերել ապրանքները։ Հուլիսի վերջին Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ընկերությունն արդեն վճարել է փոխհատուցումների երկու տրանշ, իսկ երկրորդ փուլում ընդգրկվել է փոքր և միջին բիզնեսի գրեթե 100 հազար ներկայացուցիչ։
Դեռևս հայտնի չէ, թե ընկերության պահեստների վրա հարձակումների հետևանքով ընդհանուր առմամբ քանի վաճառող է տուժել և ինչ չափի վնասներ են նրանք կրել։ Մարքեթփլեյսների վաճառողների համար ծառայությունների SellerDen էկոհամակարգի գլխավոր տնօրեն Դենիս Վետրեննիկովի տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել մի քանի հարյուր հազար ձեռնարկատիրոջ։ Data Insight հետազոտական գործակալության առաջատար վերլուծաբան Սերգեյ Սեմկոն, օգոստոսի 3-ի դրությամբ տվյալների հիման վրա, նրանց հնարավոր կորուստները գնահատել է մոտ 215-280 մլրդ ռուբլի։