Քաղաքականություն
07.08.2026 | 15:35
Ազգային ժողովի նիստում պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին, սպառնալիքների ընկալմանը և քաղաքական գործչի պատասխանատվությանը:
Խոսելով քաղաքական գործչի և մարզիկի ազատության սահմանների մասին՝ պատգամավորը նշել է, որ քաղաքական գործիչը չի կարող իրեն թույլ տալ նույնքան ազատություն, որքան, օրինակ, Մեսսին: Ըստ նրա՝ քաղաքական գործիչների հնչեցրած արտահայտությունների համար մարդիկ կարող են կյանքով պատասխան տալ:
«Պատասխանատվություն դուք կրում եք ոչ միայն ձեր, այլ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար… ուղիղ մարդկանց կյանքին»,- հավելել է նա:
Ելույթի վերջում Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանին՝ որպես հետապնդվողների պաշտպանի: Նա հռետորական հարց է հնչեցրել. «Ինչի՞ են այդ հետապնդվողներն ու ճնշվածները մշտապես միլիարդատեր կամ միլիոնատեր»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան