Չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա միայն TRIPP-ի վրա․ դա Հայաստանի միջով անցնող միակ ճանապարհը չէ․ Սիմոնյան

Ասում են՝ մենք էլ մտնենք TRIPP, է անեիք, 100 տարի է այստեղ եք, ասել է ԱԺ նախագահը


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա հենց միայն TRIPP-ի վրա, դա միակ ճանապարհը չէ, որ Հայաստանի միջով անցել է կամ անցնելու է: Բազմաթիվ ճանապարհներ կան։


Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով TRIPP-ին ռուսական կողմի հնարավոր մասնակցությանը։


«Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, է անեիք, 100 տարի է այստեղ եք: Դա հայ-ամերիկյան կազմակերպություն է, բայց Հայաստանի տարածքով տեղաշարժվելը չի ենթադրում միայն TRIPP-ի սահմաններում տեղաշարժվել», -ասել է Սիմոնյանը:


ԱԺ նախագահն օրինակ է բերել Հայաստան եկող ալյուրը, ցորենը և նավթամթերքը և նշել, որ դրանք TRIPP-ի շրջանակում չեն գալիս։


«Հիմա թող այդ ճանապարհները, այդ ենթակառուցվածքները մտնեն, առաջարկ անեն, Հայաստանը դիտարկի այդ առաջարկը, քննարկի իրենց հետ և շահագործի», – նշել է Աժ նախագահը։


Սիմոնյանը նաև հայտնել է, որ TRIPP-ի հետ կապված նմանատիպ մեխանիզմը շատ վաղուց է եղել սեղանին, քննարկումներ եղել են, և այլ հարց է, որ ԱՄՆ-ի հետ դա ստացվել է, և ԱՄՆ նախագահի շնորհիվ այն հիմնաքար է հանդիսացել խաղաղության շրջանակում։


TRIPP նախագծի մասին


 «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։


 Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։

Leave a comment