Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հայտարարել է, որ հետևում է Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ընթացող դատական գործընթացներին՝ խստագույն դատապարտելով այն։

Պատրիարքության գնահատմամբ՝ օգոստոսի 7-ին նախատեսված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դատական նիստը աննախադեպ և մտահոգիչ իրադարձություն է հայ ազգային-եկեղեցական պատմության մեջ։

Հայտարարությունում նշվում է, որ եկեղեցու ներքին կանոնական և վարչական հարցերին պետական մարմինների միջամտությունը հակասում է եկեղեցու ինքնավարության սկզբունքին և կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել պետություն-եկեղեցի հարաբերություններում։

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նաև ընդգծել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ վերաբերմունքը միայն ներքաղաքական հարց չէ, այլ ունի համազգային և համաեկեղեցական նշանակություն։

Պատրիարքությունը իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և դատական գործընթացների մեջ ներգրավված հոգևորականներին՝ կոչ անելով հարգել եկեղեցու ազատությունն ու ինքնավարությունը։

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը:

Leave a comment