Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը՝ կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տրանսպորտային կապերի խորացման հեռանկարներին։
Սադիր Ժապարովը ողջունել է Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման ու վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Մաղթում եմ հաջողություններ երկրի հետագա զարգացմանը և հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված խնդիրների իրականացման գործում։ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վերջին տարիներին նշանակալի արդյունքների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման և կարևոր վերափոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև հետևողականորեն մեծացնում է իր դերակատարությունը միջազգային ասպարեզում»,-ասել է Ղրղզստանի Հանրապետության նախագահը։
Սադիր Ժապարովը կարևորել է Հարավային Կովկասում բարեկամության և բարիդրացիության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ՀՀ վարչապետի ջանքերը։ Նա համոզմունք է հայտնել, որ խաղաղության ու կայունության ապահովումը կայուն աճի և բնակչության բարեկեցության բարձրացման կարևոր պայման է։
«Այս համատեքստում Ղրղզստանը կարևորում է ավանդական բարեկամության, փոխադարձ հարգանքի և մեր երկրների արժեքների ընդհանրության վրա հիմնված Ղրղզստան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումը։ Մեր փոխգործակցությունը բնութագրվում է կառուցողական քաղաքական երկխոսությամբ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու ձգտմամբ: Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը և հնարավորություն կտա նախանշելու երկու երկրների միջև գործընկերության հետագա զարգացման հեռանկարային քայլերը»,-նշել է Ղրղզստանի նախագահը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար և Սադիր Ժապարովին շնորհավորել Ղրղզստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ։
«Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը։ Շնորհավորում եմ նաև այն հաջողությունների կապակցությամբ, որոնք արդեն իսկ տեսանելի են անզեն աչքով։ Դա իսկապես շատ տպավորիչ է»,-ասել է ՀՀ վարչապետը։
Ղրղզստանում արձանագրված տնտեսական բարձր աճին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն նպաստելու է երկրում կենսամակարդակի բարձրացմանը՝ դա գնահատելով որպես Ղրղզստանի կառավարության և Սադիր Ժապարովի անձնական հաջողություն։
«Եվ, իհարկե, դա նոր հնարավորություններ է ստեղծում Ղրղզստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության համար։ Ցավոք, չնայած մեր երկու երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության անդամ են, լոգիստիկ խնդիրների պատճառով մեր փոխադարձ առևտրի ծավալն այնքան էլ մեծ չէ, սակայն վերջին շրջանում որոշակի տեղաշարժ է նկատվում։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում։ Դա կնպաստի Ղրղզստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի ընդլայնմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։
Օգոստոսի 6-ին Փաշինյանը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին, իսկ 7-ին՝ ընդլայնված կազմով: Նիստի սկզբում Ադիլբեկ Կասիմալիևը ողջունել է ներկաներին և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի և ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով:
Նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր: