ՔԿ. 2026-ին ընտանեկան բռնության դեպքերով դատարան ուղարկված 200 վարույթից 1-ը քննվել է սպանության գործով

2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում ընտանեկան բռնության դեպքերի առնչությամբ քննվել է 1794 քրեական վարույթ՝ 2025 թվականի 1482-ի համեմատ։ Դրանցից 712-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 1082-ը ՔԿ վարույթ է ընդունվել արդեն 2026 թվականի ընթացքում։

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ՝ 213 անձի վերաբերյալ, մինչդեռ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 157 վարույթ՝ 165 անձի վերաբերյալ։ Բժշկական հարկադրանքի 6 վարույթ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 5-ի համեմատ։ Կարճվել է 345 քրեական վարույթ՝ 2025 թվականի 390-ի փոխարեն։ Դրանցից 323-ը կարճվել է ռեաբիլիտացնող, իսկ 22-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 2025 թվականին այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 356 և 34։

Եվս 205 քրեական վարույթ միացվել է՝ նախորդ տարվա 134-ի համեմատ, 26-ն ուղարկվել է այլ մարմին՝ 2025 թվականի 30-ի փոխարեն։ 54 վարույթ հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված՝ նախորդ տարվա 38-ի համեմատ։ 954 վարույթ փոխանցվել է 2026 թվական, մինչդեռ 2025 թվականին փոխանցված վարույթների թիվը կազմել է 728։

Դատարան ուղարկված 200 վարույթից մեկական գործ քննվել է սպանության, սպանության փորձի և ինքնասպանության հասցնելու դեպքերի առնչությամբ։ Երկու վարույթ վերաբերել է առողջությանը ծանր, 6-ը՝ միջին ծանրության, 18-ը՝ թեթև վնաս պատճառելուն։ Մեկ վարույթ քննվել է մարդուն առևանգելու, 2-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 11-ը՝ հոգեկան, իսկ 124-ը՝ ֆիզիկական ներգործության դեպքերով։

Սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների առնչությամբ դատարան է ուղարկվել 8 վարույթ։ Երկու վարույթ վերաբերել է ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելուն, մեկական վարույթ՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն և ալիմենտ վճարելուց խուսափելուն։ Անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու դեպքերով դատարան է ուղարկվել 11, իսկ այլ հանցագործությունների առնչությամբ՝ 10 վարույթ։

Դատարան ուղարկված վարույթներով 213 մեղադրյալից 150-ն ամուսին է եղել, 20-ը՝ զուգընկեր, 15-ը՝ ծնող, տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 16-ը՝ զավակ կամ թոռ, 1-ը՝ ամուսնու քույր կամ ամուսնու եղբայր, իսկ 6-ը՝ փեսա կամ հարս։

Նույն վարույթներով 213 տուժողից 13-ը եղել է մինչև 12 տարեկան, 3-ը՝ 13-14, 5-ը՝ 15-18 տարեկան, իսկ 192-ը՝ 18 տարեկանից բարձր։

Leave a comment