Եվրահանձնաժողովը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին․ «Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա»

Եվրահանձնաժողովի խոսնակը հայտնել է, որ Հայաստանի տարածքում անօրինական ներգաղթյալների վերադարձի կենտրոն ստեղծելու վերաբերյալ որևէ կոնկրետ առաջարկ չկա:

Հարցերը, թե արդյո՞ք Հայաստանը ներառված է այն երկրների ցանկում, որտեղ առաջարկվել է ստեղծել անօրինական ներգաղթյալների վերադարձի կենտրոններ (return hubs), ինչպես նաև՝ որքանո՞վ են հավաստի վերջին օրերին, հատկապես իտալական մամուլում, ակտիվորեն տարածված այդ տեղեկությունները և արդյո՞ք Հայաստանի իշխանությունների հետ նման քննարկումներ տեղի են ունեցել, ուղղվել են Եվրահանձնաժողովի խոսնակին, հայտնում է Factor.am-ը:

«Հանձնաժողովը տեղյակ է, որ անդամ պետությունները որոշակի երրորդ երկրների հետ հնարավոր լուծումներ են ուսումնասիրում։ Այնուամենայնիվ, այս պահին սեղանին դրված կոնկրետ առաջարկներ չկան»,- ասել է Եվրահանձնաժովի խոսնակը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը պատրաստ է գնահատել ցանկացած առաջարկ, եթե այն ամբողջությամբ հիմնված է գործընկերների հետ սերտ ու փոխշահավետ համագործակցության վրա և համապատասխանում է գործող իրավական կարգավորումներին։

Խոսնակի ներկայացմամբ՝ միգրացիայի և ապաստանի վերաբերյալ Եվրոպական միության նոր կանոնների արդյունավետությունը կախված է դրանց պատշաճ կիրառումից։

«Որպես վճռական և արդար միգրացիոն համակարգի էական մաս՝ ԵՄ-ում մնալու իրավունք չունեցող անձինք պետք է վերադառնան։ Սա առանցքային նշանակություն ունի քաղաքացիների վստահությունը պահպանելու և ապաստանի իրավունքի ամբողջականությունը պաշտպանելու համար»,- նշել է նա։

Իտալական «Corriere della Sera» թերթը հայտնել էր, որ Իտալիան օգոստոսի 4-ին նախատեսված ԵՄ խորհրդի նիստում քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում ՀՀ-ում, Եվրամիության անդամ պետությունների ապօրինի միգրանտների համար պահման կենտրոններ ստեղծելու առաջարկը։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ Եվրամիության անդամ երկրների ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել։

Leave a comment