Մահվան ելքով վրաերթ. բեռնատարը վրաերթի է ենթարկել 80-ամյա հետիոտնին

Բեռնատարը վրաերթի է ենթարկել  80-ամյա անձին


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։


Shamshyan.comի հաղորդմամբ, ժամը 12:40-ի սահմաններում 61-ամյա Ս. Բ.-ն իր վարած «MAN» մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ քաղաքի վարչական տարածքում՝ «Վան» ռեստորանային համալիրի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 80-ամյա Կ. Մ.-ին։


Ինչպես հայտնում է կայքը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը  արձանագրել է հետիոտնի մահը։


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի պարեկները։


Դեպքի փաստով Արարատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Leave a comment