Վարչապետ․ Հանրաքվե կլինի, բայց այն ժամանակ, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի Եվրամիությանը

Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է դառնալու միայն այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնական դիմում ներկայացնի ԵՄ-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրոպական միությանն անդամակցելու հարցով, և դրա շուրջ պետք է ինստիտուցիոնալ աշխատանք տանել։ Այսօր հանրաքվեի անցկացումն անհնար է, որովհետև չկա այդ հանրաքվեի առարկան»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Վարչապետի խոսքով՝ այս պահին հանրաքվե անցկացնելու դեպքում քաղաքացիները հարցնելու են ԵՄ-ին անդամակցելու հստակ հեռանկարների և ճանապարհային քարտեզի մասին, մինչդեռ այդ հարցերի պատասխանները դեռևս չկան:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի վարած քաղաքականությունն ուղղված է արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմանն ու այլընտրանքների ձևավորմանը, ինչը ցանկացած ինքնիշխան պետության լեգիտիմ իրավունքն է։

Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին անդրադառնալով՝ Փաշինյանը նշել է, որ դրանք ԵԱՏՄ-ի վերաբերյալ բացասական ընկալում են ձևավորում.

«Այն, ինչ հիմա կատարվում է հայկական ապրանքների հետ կապված, խնդիր է Հայաստանի համար, բայց է՛լ ավելի մեծ խնդիր է ԵԱՏՄ-ի համար, որովհետև պրակտիկայում ստացվում է, որ ԵԱՏՄ-ն չի աշխատում։ Եթե սկզբունքները չեն աշխատում, նշանակում է՝ չի աշխատում ԵԱՏՄ-ն»,-ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ որոշ գործընկերների այն հայտարարությունները, թե «Հայաստանին ոչ մի տեղ չեն սպասում», հայկական կողմը դրական է ընդունել և ակտիվ աշխատանք է տանում հակառակն ապացուցելու ուղղությամբ։

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո անհապաղ օգնություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները։ Ըստ ֆոն դեր Լայենի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակումներից հետո արդեն կազմակերպվել է արտահանման նոր ուղղություն, և հունիսի 5-ին Լատվիա է հասնելու 10 հազար ծաղիկների առաջին խմբաքանակը, որին հաջորդելու են նոր առաքումներ։

Leave a comment