ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ավարտին Միացյալ Նահանգները կունենան միկրոչիպերի համաշխարհային արտադրության զգալի մասնաբաժին։
«Այն պահին, երբ ես լքեմ պաշտոնը, մենք կունենանք համաշխարհային միկրոչիպերի արտադրության արդյունաբերության զգալի մասը։ Դա կարող է տեղի ունենալ ավելի ուշ՝ ով գիտի, բայց կարող է նաև բավական արագ իրականություն դառնալ։ Ասում են՝ մոտ երկուսուկես տարվա ընթացքում։ Կտեսնենք», — նշել է Թրամփը։
ԱՄՆ առաջնորդը նաև մի շարք այլ հայտարարություններ է արել։
Նա հայտարարել է, որ մտադիր է վերացնել ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման գործող կարգը՝ նշելով, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ն այն եզակի երկրներից է, որտեղ նման իրավունք գործում է։
«Կարծում եմ՝ մենք, ընդհանրապես, միակ երկիրն ենք, որտեղ գործում է ծննդյան իրավունքով քաղաքացիությունը։ Մենք վերջ կտանք դրան», — ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ այդ սկզբունքը սկզբնապես նախատեսված է եղել նախկին ստրուկների երեխաների համար, և այժմ այն, ըստ նրա, այլ կերպ է կիրառվում։
Խոսելով Իրանի հետ հնարավոր հակամարտության մասին՝ Թրամփը հայտարարել է, որ կարծում է՝ պատերազմը շուտով կավարտվի։
«Չեմ կարծում, որ նրանք կարող են երկար շարունակել», — ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ մասնակցում է Իրանի հետ բանակցություններին, և գործընթացը, իր գնահատմամբ, ընթանում է լավ։
Թրամփը նաև անդրադարձել է Ուկրաինային տրամադրված զինամթերքի հարցին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն նախկին վարչակազմի օրոք Կիևին մեծ քանակությամբ զինամթերք է փոխանցել՝ առանց վճարի։
«Մենք հսկայական քանակությամբ զինամթերք ենք փոխանցել Ուկրաինային։ Բայդենի մարդիկ դա արեցին՝ անվճար, առանց որևէ վճարի։ Հարյուրավոր միլիարդավոր դոլարների չափով», — ասել է նա։
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ երկիրն ունի մեծ քանակությամբ զինամթերքի պաշարներ։
«Կան զինամթերքի որոշ տեսակներ, որոնք ունեն հսկայական հզորություն և առկա են մեզ մոտ անսահմանափակ քանակությամբ։ Կան նաև տեսակներ, որոնց դեպքում իրավիճակը փոքր-ինչ բարդ է, սակայն մենք դրանք ստանում ենք ամեն օր։ Մենք բառացիորեն ունենք հսկայական քանակությամբ զինամթերք և պաշարներ ամբողջ աշխարհում։ Եթե երբևէ դրանց կարիքը ունենանք, մենք կվերցնենք այդ պաշարները», — հայտարարել է Թրամփը։