Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետություննների հետ համագործակցության ամրապնդումը մնում է արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից։ Այս մոտեցումն կարտացոլվի նաև ՀՀ նոր կառավարության ծրագրում։ Ղրղզստանի Չոլպոն-Աթայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միաժամանակ, կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս այն սկզբունքներին հետևելու օգտին, որոնք դրված են ԵՏՄ-ի հիմքում։ ԵՏՄ-ի հիմնարար սկզբունքներից է ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը։ Ցավոք, գործնականում այս սկզբունքները լիարժեք չեն իրականացվում։ Առանձին սահմանափակումները և վարչարարական միջոցները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք աշխատանքին՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը հետևողականորեն ապահովում է առավելագույնս բարենպաստ, հավասար և ոչ խտրական պայմաններ ԵՏՄ անդամ բոլոր պետությունների տնտեսվարողների գործունեության համար։
«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ նույն մոտեցումը պետք է լինի ԵՏՄ ամբողջ տարածքում։ Այդ պատճառով մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ ցանկացած միջոցները, որոնք կարող են նպաստել ապրանքների և ծառայությունների հասանելիությանը ԵՏՄ ընդհանուր շուկայում, ընդունվեն բացառապես ԵՏՄ նորմերին համապատասխան՝ համաձայնեցված գործընթացների և պատկան մարմինների միջև կառուցողական փոխգործակցության հիման վրա։ Նման հարցերի անտեսումը կարող է ոչ միայն արգելակել ԵՏՄ-ի հետագա զարգացումը, այլև բացասական ազդել մեր երկրների քաղաքացիների և գործարար հանրության վերաբերմունքի վրա»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով 2026 թվականի մայիսի 29-ին ԵՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների ընդունած հայտարարությանը՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն այն ի գիտություն է ընդունել։
«Հայաստանն ի գիտություն է ընդունել ԵՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների՝ 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարությունը, որով նրանք աջակցություն են հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը։ Ինչպես գիտեք՝ 2025 թվականին Հայաստանը ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք է ընդունել։ Այս օրենքի ընդունման ռազմավարական նպատակն է մեր երկրի համար այլընտրանքի ստեղծումը։ Մենք հասկանում ենք, որ ԵՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է։ Սակայն այս օրենքի ընդունման փաստը միայն չի նշանակում, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ», – ասել է Փաշինյանը։
Միաժամանակ, նա նշել է, որ հեռանկարում, երբ Հայաստանը պատրաստ կլինի ԵՄ-ին անդամակցության, դա նույնպես չի նշանակում, որ այն ավտոմատ կերպով ԵՄ անդամ կդառնա։
Մանրամասները՝ տեսանյութում։