ԱՄՆ հետախուզությունը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է ստուգել ՆԱՏՕ-ի պատրաստվածությունը․ WSJ

ԱՄՆ հետախուզական համայնքը վերանայել է իր գնահատականները և կարծում է, որ առաջիկա տարիներին Ռուսաստանը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի վճռականությունը՝ կիրառելով հիբրիդային մեթոդներ կամ սահմանափակ գործողություններ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ հնարավոր սպառնալիքների շրջանակը ներառում է լայնածավալ կիբերհարձակումներ, հիբրիդային գործողություններ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մեկի տարածք հնարավոր «փոքր ներխուժման» սցենար։

ԱՄՆ պաշտոնյաների գնահատմամբ՝ նման զարգացումները հնարավոր են 2026 թվականի աշնանից մինչև 2029 թվականն ընկած ժամանակահատվածում։

Հրատարակության տվյալներով՝ Վաշինգտոնում կարծում են, որ Ուկրաինայում ռուսական առաջխաղացման դանդաղման և Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացվող հարվածների ֆոնին Մոսկվան կարող է փորձել պառակտել ՆԱՏՕ-ն՝ ստուգելով դաշինքի կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների, մասնավորապես՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառման «մոխրագույն գոտիները»։

Միաժամանակ, ԱՄՆ հետախուզության գնահատմամբ, Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի դեմ ուղիղ և լայնածավալ ռազմական հարձակման հավանականությունը շարունակում է մնալ ցածր, սակայն հիբրիդային սպառնալիքների ռիսկը ժամանակի ընթացքում կարող է աճել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment