Դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ


Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, իր տարեկան զեկույցներում և հրապարակային հայտարարություններում բազմիցս անդրադարձել է ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ դատարանների խցերում պահելու գործընթացի կարգավորումներին և պահման պայմաններին առնչվող խնդիրներին։ Հարցի կարգավորման նպատակով Պաշտպանի նախաձեռնությամբ նաև բազմիցս կազմակերպվել են քննարկումներ։


 


«Մշտադիտարկման այցերի, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների արդյունքում ստացված տեղեկությունների համադրման և վերլուծության հիման վրա ակնհայտ է, որ տարիներ շարունակ արձանագրվող նշված խնդիրները դեռևս չեն ստացել համապարփակ լուծում, ինչն առանձին դեպքերում հանգեցնում է ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքների ապահովման հետ կապված խնդիրների։


 


Մասնավորապես, ազատությունից զրկված անձինք երբեմն ստիպված են լինում տևական ժամանակ գտնվել գիշերելու և հանգստի համար համապատասխան պայմաններ չունեցող խցերում։ Այդ ընթացքում նրանք չեն ապահովվում օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով և մշտական ընդունման դեղորայքով: 


 


Դատարանների խցերը հիմնականում ապահովված չեն նյութական անհրաժեշտ հագեցվածությամբ։ 


 


Դատարանի խցերում պահվող ազատությունից զրկված անձանց՝ հանձնուքների ընդունման ընթացակարգի և միասնական իրավակարգավորումերի բացակայությունը հանգեցնում են ազատությունից զրկված անձանց առաջին անհրաժեշտության իրերով և սննդով ապահովելու, ինչպես նաև դրանց ընդունումը պատշաճ կազմակերպելու և վերահսկելու հետ կապված գործնական խնդիրների։ 


 


Մարդու իրավունքների պաշտպանը այս հանգամանքը մտահոգիչ է համարում և ընդգծում է, որ դա կարող է հանգեցնել ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի:


 


Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությամբ պայմանավորված՝ գործնականում հաճախ խնդիրներ են առաջանում՝ կապված այն հարցի հետ, թե ո՞ր պետական մարմնի պարտականությունն է ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելը, պահման բավարար պայմաններ, ներառյալ՝ պատշաճ սնունդ, բուժօգնություն, ինչպես նաև դատարանի շենքում վերջիններիս անվտանգությունն ու իրավաբանական խորհրդատվությունը կոնֆիդենցիալ եղանակով ապահովելը:


 


Արդյունքում՝ ոլորտին առնչվող օրենսդրական բացերը և հստակ ընթացակարգային մեխանիզմների բացակայությունը շարունակում են հանգեցնել ազատությունից զրկված անձանց իրավունքների տարաբնույթ խախտումների։


 


Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ պետք է օրենսդրությամբ պատշաճ և հստակ կարգավորում ստանան ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելու, պարտադիր կենցաղային գույքով, պահման բավարար պայմաններով, ներառյալ՝ պատշաճ սնունդ և բուժօգնություն ապահովելու, ինչպես նաև դատարանի շենքում վերջիններիս անվտանգությունն ու իրավաբանական խորհրդատվության կազմակերպումն ապահովելու հարցերը՝ բացառելով նշված խնդրի լուծմանն ուղղված տարբերակված և հայեցողական մոտեցումները։


 


Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հարցի առնչությամբ համակարգային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը՝ ակնկալելով սեղմ ժամկետներում պետական իրավասու մարմինների արձագանքը ինչպես ոլորտում առկա օրենսդրական բացերը, այնպես էլ գործնական խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ5

Leave a comment