Իրավական հարթությունից դուրս բարոյական աղետ․ Ռոբերտ Ամստերդամը՝ կաթողիկոսի գործի մասին

Բաժանորդագրվել

Միջազգային իրավապաշտպանը շեշտում է, որ միջազգային հանրությունը չի կարող աչք փակել և լուռ հետևել, թե ինչ է կատարվում Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավարությունը սովորական դատական նիստ չէ, այլ հարված է սահմանադրական կարգին և միջազգային իրավունքի հիմնասյուներին։ Այս մասին հայտարարություն է տարածել միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«ՀՀ Սահմանադրությունը և միջազգային պայմանագրերը հստակ ամրագրում են եկեղեցու անջատ լինելը պետությունից՝ երաշխավորելով կրոնական ինստիտուտների բացարձակ ինքնավարությունը: Երբ պետական դատական ապարատը վերածվում է հոգևոր առաջնորդի դեմ քաղաքական ճնշման և հետապնդման գործիքի, արդարադատությունն ուղղակի դադարում է գոյություն ունենալ»,- նշված է իրավապաշտպանի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ տեղի ունեցողն իրավական հարթությունից դուրս բարոյական աղետ է։ Հիշեցնում է, որ հայոց կաթողիկոսությունը դարեր շարունակ եղել է պետականությունը կորցրած ժողովրդի ողնաշարը, ինքնության ու գոյատևման վահանը։

«Այսօր այդ նվիրական ինստիտուտը դատարանի աթոռին նստեցնելը դավաճանական հարված է սեփական պատմական հիշողությանն ու ազգային արժանապատվությանը»,- շեշտում է Ամստերդամը։

Միջազգային իրավապաշտպանն ընդգծում է՝ արդարադատությունը չի կարող ծառայեցվել քաղաքական վրեժխնդրությանն ու նպատակահարմարությանը։ Նրա կարծիքով՝ միջազգային հանրությունն ու իրավապաշտպան աշխարհը չեն կարող լռել ու աչք փակել։ Վստահ է նաև, որ այն իշխանությունը, որը փորձում է դատել սեփական պատմությունն ու հոգևոր արմատները, ի վերջո ինքն է կանգնելու պատմության անողոք դատաստանի առջև։

Leave a comment