Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.08.2026 | 17:53

Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանից պատգամավոր Թագուհի Ղազարյանը հետաքրքրվել է, թե ինչո՞վ է տարբերվում «Ուժեղ Հայաստան» դաշինքի արտաքին քաղաքականության ծրագիրը «Հայաստան» դաշինքի մոտեցումներից՝ դիմելով թեկնածուին. «Տարբերությունները խնդրում եմ նշեք… եթե ոչնչով չի տարբերվում, կարող եք ասել՝ «ոչնչով չի տարբերվում»։

Ի պատասխան՝ Արամ Վարդևանյանը նշել է, որ տարբերություններ կան սոցիալ-տնտեսական և իրավական ոլորտներում։ Նա ընդգծել է, որ իրենց ուժի որդեգրած ուղղությունը հիմնված է Հայաստանի շահի գերակայության վրա։

Այնուհետև Ղազարյանը, մեջբերելով Քրիստոսի խոսքերը՝ «ինչ չափով որ չափեք, այն չափով էլ չափվելու եք», հնչեցրել է հետևյալ հարցը. «Պարո՛ն Վարդևանյան, դուք թուրք տեսե՞լ եք»։

Արամ Վարդևանյանը կարճ պատասխանել է. «Այո՛»։ Նա միաժամանակ քննադատել է հարցի ձևակերպումը՝ նշելով, որ իր թիմակիցների հարցադրումները շատ ավելի հետաքրքիր և խորքային են։

Հիշեցնենք՝ նմանատիպ հարցեր էին տրվել ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին։

Հարցուպատասխանի ավարտին նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը նկատել է, որ ինքն ու թեկնածուն առնվազն մեկ ընդհանրություն ունեն։ 

«Ուրախ եմ արձանագրել, որ ես և դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք. երկուսս էլ թուրք ենք տեսել, և եթե ընտրվեք, կկարողանանք համագործակցել»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment