DeepSeek-ը պատրաստվում է զգալիորեն բարձրացնել ԱԲ ծառայությունների գները

Bloomberg-ի հաղորդմամբ՝ արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող չինական DeepSeek ընկերությունը տեղեկացրել է օգտատերերին իր ծառայությունների սակագների առաջիկա զգալի բարձրացման մասին։

Ընկերությունը չի հրապարակել գների բարձրացման կոնկրետ չափը, սակայն այն բնութագրել է որպես էական և հորդորել է հաճախորդներին դա հաշվի առնել։ Ներկայում DeepSeek-ը գանձում է 0.14 դոլար՝ մեկ միլիոն մուտքային թոքենի և 0.28 դոլար՝ մեկ միլիոն ելքային  թոքենի համար։

Համեմատության համար Bloomberg-ը նշում է, որ չինական մրցակից Moonshot-ը իր Kimi K3 մոդելի համար սահմանել է համապատասխանաբար 3 և 15 դոլար մեկ միլիոն թոքենի դիմաց, իսկ Anthropic-ի Fable 5 ծառայության արժեքը կազմում է 10 և 50 դոլար։

Վերջին շրջանում DeepSeek-ը դարձել է AI ոլորտում գնագոյացման վերաբերյալ ակտիվ քննարկումների կենտրոնում։ Դրա պատճառը V4 Flash մոդելն էր, որը բարձր մրցունակություն է ցուցադրել՝ ընդամենը մի քանի ցենտ արժողությամբ։ Bloomberg-ի գնահատմամբ՝ հենց ընկերության ցածր գներն են նպաստել ոլորտում այսպես կոչված «DeepSeek-ի արգելված գոտի» գաղափարի ձևավորմանը՝ միջավայր, որտեղ ավելի թանկ կամ պակաս արդյունավետ մոդելները դժվարանում են մրցակցել։

Ավելի վաղ, Bloomberg-ը հայտնել էր, որ DeepSeek-ը նախապատրաստվում է IPO-ի։ Աղբյուրների համաձայն՝ ստարտափը նախատեսում է հայտ ներկայացնել ընթացիկ տարվա ընթացքում կամ հաջորդ տարվա սկզբին՝ կախված ֆինանսական հաշվետվությունների պատրաստ լինելուց։

Նույն ամսվա վերջին ընկերությունը պոտենցիալ ներդրողներին տեղեկացրել էր ֆինանսավորման երկրորդ փուլի ժամանակավոր դադարեցման մասին։ Պատճառը հիմնադիր Լյան Վենֆենի դժգոհությունն էր առաջին ներդրումային փուլի ընթացքում իր գաղտնի մեկնաբանությունների արտահոսքից։

Leave a comment