«29․800-ը ինչպես դարձավ 29․743»․ ԱԺ-ում հարցուպատասխան՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի շուրջ

Քաղաքականություն

«29․800-ը ինչպես դարձավ 29․743»․ ԱԺ-ում հարցուպատասխան՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի շուրջ (տեսանյութ)

Որքա՞ն է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը. Հովհաննիսյանը Վարդևանյանին

ԱԺ փոխնախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանի  հետ հարցուպատասխանը մեկնարկեց անսովոր ձևով։ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ Վարդևանյանի համար «ռեբուս» է պատրաստել և առաջարկեց պատկերացնել, որ նա արդեն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ, նստած է Վահագն Ալեքսանյանի կողքին, գլխավերևում Հայաստանի զինանշանն է, իսկ թիկունքում՝ պետական դրոշն ու քարտեզը։

Այնուհետև Հովհաննիսյանը հարցրեց՝ որքա՞ն է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը՝ քառակուսի կիլոմետրերով, ընդգծելով, որ պատասխանը «անկյունաքարային» է, որպեսզի ինքը որոշի՝ ընտրե՞լ Վարդևանյանին, թե՞ ոչ։

Վարդևանյանը, սակայն, թվային պատասխան չտվեց։ Նա ասաց, որ Հայաստանի տարածքի վերաբերյալ վերջին տարիներին մի շարք հայտարարություններ են հնչել գործող իշխանության ներկայացուցիչների կողմից։ Նրա խոսքով՝ մինչև 2023 թվականը նման հարց կամ քննարկումներ չի հիշում, թեև շատ լավ հիշում է, որ Հայաստանը եղել է Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, ունեցել է խորը դիվանագիտական հարաբերություններ տարբեր պետությունների հետ։

«Ես հիշում եմ, որ ներկայացվում էր 29․800-ը, բայց հետո դարձավ 29․743, և թե դա ինչպես ստացվեց, այդ հարցի պատասխանը չեմ գտել»,- ասաց Վարդևանյանը։

Ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշեց, որ Վարդևանյանը երեք րոպեի ընթացքում չի կարողանում նշել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, բայց հավակնում է Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին։ Նրա խոսքով՝ այս հարցը օրակարգային է դարձել, քանի որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հրաժարվում են ընդունել Հայաստանի տարածքն այնպիսին, ինչպիսին այն կա և մերժում են ՀՀ քարտեզը։

Վարդևանյանն արձագանքեց, որ ինքը վկայակոչել է վերջին ութ տարիներին պետական քաղաքական պատասխանատվություն կրած իշխանության ներկայացրած դիրքորոշումները և կրկին ընդգծեց իր հարցադրումը՝ ինչպես է 29․800 քառակուսի կիլոմետրը դարձել 29․743։

Քննարկում՝ քաղաքական ապագայի շուրջ

Հարցուպատասխանի ընթացքում վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը հետաքրքրվեց՝ արդյոք 2031 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին Վարդևանյանը կմասնակցի այլ քաղաքական ուժի կազմում։

Վարդևանյանը պատասխանեց, որ իրեն կտեսնեն բացառապես «Ուժեղ Հայաստան» ուժի կազմում, որն, ինչպես նշեց, հավակնում է իշխանափոխության։

Ի պատասխան՝ Խաչատրյանը  հարցրեց, եթե  «Հայաստան» դաշինքն էլ նրան առաջարկ աներ, ո՞ր տարբերակն էր ընտրելու Վարդևանյանը։

Վարդեւանյանը բուն հարցին չպատասխանեց։

«Քաղաքացիական պայմանագիրը դեռևս իշխանություն է, և ես կարծես կրկին քաղաքականության մեջ եմ հայտնվում, որովհետև դուք դեռ իշխանության եք»,-ասաց նա։

 

«Վերնագրի էջը թերթում ենք, տակը բովանդակություն չկա»

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր հարցը սկսեց կատակով՝ նշելով, թե հասկացել է, թե ինչու Վարդևանյանը չկարողացավ պատասխանել «թվերով ռեբուսին»․ «Դուք նշել էիք, որ թվերից լավ չեք»։

Այնուհետև նա անդրադարձավ, այսպես կոչված, «Հակասաֆարովյան» օրենքին՝ նշելով, որ իշխանությունը նախկինում մերժել է նմանատիպ տարբեր նախաձեռնություններ ոչ թե վերնագրի, այլ բովանդակության պատճառով։

«Խնդիրը հենց այն էր, որ նախկինում տարբեր օրինագծեր ունեին էմոցիոնալ անվանումներ, բայց երբ վերնագրի էջը թերթում էիր, տրամաբանությունն ու գործիքակազմը զրո էր»,- ասաց Գաբրիելյանը՝ հարցնելով՝ կա՞ երաշխիք, որ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները լինելու են հիմնավորված և բովանդակային։

Վարդևանյանն ի պատասխան ասաց, որ իրենց խմբակցությունում կան մասնագետներ, որոնք ունեն բացառիկ գիտելիքներ և փորձ, և ներկայացվող նախաձեռնությունները կձևավորվեն այդ տրամաբանությամբ։ Նրա խոսքով՝ խմբակցությունը պատրաստվում է հանդես գալ այնպիսի օրենսդրական առաջարկներով, որոնք կարձագանքեն քաղաքացիների կյանքի որակին, բարեկեցությանն ու առկա խնդիրներին, իսկ դրանց գնահատականը պետք է տա Հայաստանի քաղաքացին։

«Ռեբուսի լուծման մեխանիզմներից մեկն էլ հենց դա է»,- հավելեց նա։

Գաբրիելյանն էլ եզրափակեց, որ իր հարցի նպատակը պայմանավորվելն էր, որ այս անգամ «վերնագրի էջը թերթելուց հետո» դրա տակ իսկապես բովանդակություն լինի, որի շուրջ հնարավոր կլինի առարկայական քննարկում ծավալել։

«Իրավական որևէ հիմք չի կարող լինել». Վարդևանյանը՝ Մայր Աթոռի շուրջ դատական գործընթացի մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ օգոստոսի 7-ին նախատեսված դատական գործընթացին՝ նշելով, որ չի կարող պատկերացնել «այն խայտառակությունը», որի ականատեսը, իր խոսքով, պետք է դառնան իրենք և հանրությունը։

Ղազարյանի խոսքով՝ դատարան պետք է ներկայանան Ամենայն հայոց կաթողիկոսը, Բարձրագույն հոգևոր խորհրդի անդամներն ու սրբազան հայրերը՝ վարչական դատարանի որոշումը իբր չկատարելու համար։ Նա Վարդևանյանից խնդրեց ներկայացնել ոչ թե հարցի բարոյական, այլ իրավական գնահատականը։

Վարդևանյանը պատասխանեց, որ այս գործում իրավական որևէ հիմք չի տեսնում։ Նրա խոսքով՝ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին, առավել ևս՝ Մայր Աթոռի գործունեությանը, քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի սահմանադրական հատուկ կարգավիճակ։

«Մեր ազգի բաղադրիչներից մեկը մեր հավատն է, դա մեր հպարտությունն է։ Դատական իշխանությունն ինչի՞ համար է միջամտում եկեղեցու ներքին գործերին»,- ասաց Վարդևանյանը։

Leave a comment