Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ շփումը շատ «դժվար է այս պահին»։ Մերձավոր Արևելքում պատերազմ սկսած ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի ժամանակ վիրավորված Խամենեին հանրությանը չի հայտնվել նույն հարձակման ժամանակ զոհված հորը հաջորդելուց հետո, գրում է France 24-ը։
«Այս պահին նրա հետ շփվելը շատ դժվար է, բայց, ամեն դեպքում, նրա ներկայությունը մեզ համար ուժի շատ մեծ աղբյուր է, որպեսզի մենք կարողանանք շարունակել»,- ասել է Փեզեշքիանը։
Խամենեի կրտսերը շփվում է գրավոր հայտարարությունների միջոցով, բայց նրա ակտիվության պակասն այն ժամանակ, երբ Իրանը հակամարտության մեջ է Միացյալ Նահանգների հետ, հանգեցրել են այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրա հարաբերությունների վերաբերյալ ենթադրությունների։ Անցյալ ամիս նա չի ներկայացել նույնիսկ հոր հուղարկավորության արարողություններին։
Փեզեշքիանը, սակայն, պաշտպանել է գերագույն հոգևոր առաջնորդին՝ պնդելով, որ կարողացել է նրա հետ արդյունավետ հանդիպումներ ունենալ և հանդիպել է «բարեհամբույր վերաբերմունքի ու շատ հիմնավոր տրամաբանության»։
«Ցավոք, ներկայիս իրավիճակը որոշ չարամիտ մարդկանց հնարավորություն է տալիս նրան ներկայացնել այլ կերպ և նրա մասին ձևավորել այլ պատկեր»,- ասել է նա։
Փեզեշքիանը նաև մանրամասն խոսել է նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության մասին՝ այն որակելով որպես իր նախագահության ամենադժվար պահերից մեկը։ Նա հիշեցրել է, որ պաշտոնյաները հանդիպման էին, երբ փետրվարի 28-ին հարձակման ենթարկվեց ղեկավարության համալիրը։
«Նրանք կարծում էին, որ կսպանեն գերագույն առաջնորդին, և երկիրը կփլուզվի, բայց ամեն ինչ շարունակվեց, և մեր նոր առաջնորդն ընտրվեց»,- ասել է Փեզեշքիանը։
Նա նաև հայտնել է, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հունիսին վերջնականապես հաստատել է ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը, այն բանից հետո, երբ խորհրդատվական խորհուրդը ճնշող մեծամասնությամբ աջակցել է առաջարկին, չնայած սկզբում տեղեկություններ էին տարածվել, որ «նա կողմ չէ»։
Փեզեշքիանը նաև հայտարարել է, թե Իսրայելն ու ԱՄՆ-ը մտադիր էին 48 ժամում գրավել Իրանը։
«Նրանք ծրագրեր էին մշակել և պատկերացրել, որ կարող են 48 ժամվա ընթացքում գրավել Իրանը, ինչպես, օրինակ, Սիրիան։ Պատերազմը և մեր սիրելիների նահատակությունը նույնպես շատ ցավոտ և դժվար էին։ Չնայած այս բոլոր դժվարություններին ու խնդիրներին՝ կառավարությունը, ժողովուրդը և զինված ուժերը երկիրը հասցրին այս կետին, որպեսզի այսօր Իրանը հայտնի լինի որպես հզոր և բարձր հարգանքի արժանացած երկիր։ Սա հեշտ գործ չէր»,- ասել է Իրանի նախագահը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի