Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի՝ ադրբեջանցիների մասնակցությամբ միջոցառումներից լուսանկարներ կան, սակայն ինքը չի պատրաստվում դրանք հրապարակել։

«Բոլոր ծրագրերից կան լուսանկարներ, բայց նման բան չեմ պատրաստվում անել»,- ասել է Կարապետյանը։

Հարցին՝ արդյո՞ք այդ լուսանկարներում Գառնիկ Դանիելյանը ադրբեջանցիների հետ է, ՔՊ պատգամավորը պատասխանել է. «Բնականաբար, այո»։

Այնուհետև, լրագրողների ճշտող հարցերից հետո, նա նշել է. «Փակենք այս թեման»։

Factor TV-ն թեմայի վերաբերյալ հարցեր է ուղղել նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանին։ Վերջինս նշել է, որ որևէ մտավախություն չունի նման լուսանկարների հնարավոր հրապարակման առնչությամբ։

Հարցին՝ ունի՞ ադրբեջանցիների հետ լուսանկարներ, Դավթյանը հրաժարվել է պատասխանել՝ ասելով. «Այս պահին ճիշտ չեմ համարում պատասխանել Ձեր հարցին»։

Նա պարզաբանել է, որ դա պայմանավորված է Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներով և սահմանված կանոններով։ «Ես կփորձեմ դա պահպանել, հետագայում կանդրադառնանք»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք` այս թեման քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ Դավթյանը Ռուբեն Ռուբինյանի` ԱԺ նախագահի ընտրության ժամանակ հարց տվեց Թուրքիայում կրթական ծրագրի մասնակցության վերաբերյալ։

Ի պատասխան Մարիա Կարապետյանն էլ հայտարարել էր, որ Դավթյանը ադրբեջանցիների հետ է ծրագրերի մասնակցել։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment