Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը

Քաղաքականություն

06.08.2026 | 12:45

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն այսօր հերթական նիստն է գումարելու, որի օրակարգային թեմաներից է լինելու նաև Հարավային Կովկասը։ TRT Haber-ի հաղորդմամբ՝ Ազգային անվտանգության խորհուրդը նախագահական Բեշթեփե համալիրում կհավաքվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հիմնական օրակարգային հարցը կլինի «Թուրքիան առանց ահաբեկչության» գործընթացը։

Կքննարկվեն նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության այլ հարցեր։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է համապարփակ գնահատել ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող ճգնաժամի, ինչպես նաև Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ դիվանագիտական ​​նախաձեռնությունները։ Քննարկվող թեմաների շարքում են նաև Կիպրոսի վերջին զարգացումները, Սիրիայում և Իրաքում իրավիճակը, տարածաշրջանում Իսրայելի հարձակումները և Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը։

Բացի այդ, օրակարգում են լինելու Հարավային Կովկասում և Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment