ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ մայրաքաղաքի Արզումանյան փողոցի 22-ամյա բնակիչն ապօրինի ձեռք բերում և իրացնում է թմրանյութ։
Տեղեկությունը հաստատվեց, և օգոստոսի 1-ին՝ ժամը 17․35–ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում երիտասարդը ձերբակալվեց։ Նույն փողոցում կայանված նրա ավտոմեքենան վերցվեց հսկողության տակ, իսկ նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին:
Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով մեկ փաթեթ, նաև՝ գաղտնի փականով դանակ:
Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանայով փաթեթը պետք է տեղադրեր այգու տարածքում։ Նա հավելեց, որ այդ օրն արդեն թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, և իրեն պատկանող «Տեսլա» մակնիշի մեքենայում էլ մնացել են նույն պարունակությամբ փաթեթներ:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողության ընթացքում Էրեբունի վարչական շրջանի տարբեր տարածքներում հայտնաբերվեց արդեն տեղադրված 16 փաթեթ, որոնց ընդանուր քաշը կազմեց 12 գրամ։
Օգոստոսի 2-ին դատարանի որոշման հիման վրա խուզարկություն կատարվեց «Տեսլա» մակնիշի մեքենայում։ Հայտնաբերվեց ավելի քան 50 գրամ ընդհանուր քաշով ևս 55 փաթեթ, նաև՝ էլեկտրոնային կշեռք, մկրատ, կպչուն ժապավեն և փայլաթիթեղի գլանափաթեթ։
Նախաքննությունը շարունակվում է։