Իրանը ծրագրում էին գրավել 48 ժամում, սակայն ներսից պառակտելու փորձը ձախողվեց․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի հակառակորդները ծրագրել էին ընդամենը 48 ժամում գրավել Իրանը՝ նույն սցենարով, որն, ըստ նրա, կիրառվել էր Սիրիայի նկատմամբ։ Նրա խոսքով՝ ռազմական ճնշմանը զուգահեռ փորձ է արվել նաև ապակայունացնել երկրի ներքին իրավիճակը, սակայն այդ ծրագիրը չի հաջողվել իրականացնել։

«Նրանք ծրագրել էին ապակայունացնել մեր հասարակությունը, սակայն դա նրանց չհաջողվեց։ Իրավիճակը հաջողվեց վերահսկողության տակ վերցնել ուժի և վճռական գործողությունների շնորհիվ»,- ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ չնայած պատերազմին, շրջափակմանը և խստացված պատժամիջոցներին, Իրանն այսօր շարունակում է ներկայանալ որպես ուժեղ և արժանապատիվ պետություն։

Փեզեշքիանը նաև անդրադարձել է երկրի ներսում առաջացած քաղաքական քննարկումներին՝ կապված Մոջթաբա Խամենեիի հետ։ Նրա խոսքով՝ ներկայումս նրա հետ կապ պահպանելը դժվար է, սակայն նրա ներկայությունը շարունակում է կարևոր նշանակություն ունենալ երկրի կայունության համար։

Իրանի նախագահը նշել է, որ որոշ քաղաքական ուժեր շահարկել են Մոջթաբա Խամենեիի դիրքորոշումը՝ փորձելով հասարակության մեջ նոր տարաձայնություններ առաջացնել։ Նրա խոսքով՝ սկզբնական վերապահումներից հետո, մասնագիտական զեկույցը լսելուց և առաջարկի օգտին խորհրդի անդամների ճնշող մեծամասնության՝ 13-ից 12-ի քվեարկությունից հետո, ընդունվել է համապատասխան որոշումը։

«Այն, որ նա հաշվի է առել մասնագիտական կարծիքը և որոշում է կայացրել դրա հիման վրա, որոշ շրջանակներ օգտագործեցին որպես առիթ՝ տարաձայնություններ հրահրելու, անհիմն մեղադրանքներ հնչեցնելու և քաղաքական շահարկումներ իրականացնելու համար», – հայտարարել է Փեզեշքիանը։

Նա նաև վստահեցրել է, որ Իրանի իշխանությունները շարունակելու են ծառայել ժողովրդին՝ «քանի դեռ ապրում և շնչում են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment