ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը մոլորեցրել է իրեն Իրանի դեմ հնարավոր հարվածների համար անհրաժեշտ սպառազինության պակասի վերաբերյալ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ շաբաթավերջին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Թրամփը խիստ քննադատել է Հեգսեթին։ Վերջինս, իր հերթին, պատասխանատվությունը բարդել է իր տեղակալի վրա՝ նշելով, որ նա նախագահին չի ներկայացրել իրավիճակի ամբողջական պատկերը։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփի դժգոհությունը պաշտպանության նախարարից գնալով խորանում է։ Աղբյուրների պնդմամբ՝ հենց Հեգսեթն է համոզել ԱՄՆ նախագահին, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կլինի կարճատև և կավարտվի համեմատաբար հեշտ հաղթանակով։
Ըստ The Washington Post-ի՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր լայնածավալ հարվածներից հրաժարվելու պատճառներից մեկը մեծ հեռահարության հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսիչ հրթիռների պակասն է։