Քաղաքականություն
06.08.2026 | 11:35
Կառավարության նիստում հաստատվել է ճանապարհաշինական ծրագրերին ֆինանսական միջոցներ հատկացնելու նախագիծը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացմամբ՝ նախատեսվում է պետական բյուջեում կատարել 15,65 միլիարդ դրամի վերաբաշխում՝ ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների հիմնանորոգման, նախագծման, փորձաքննության, ինչպես նաև տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար։
Նախարարի խոսքով՝ ծրագրում ներառված ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 63,5 կիլոմետր․ դրանք ներառում են հանրապետական, միջպետական և տեղական նշանակության ճանապարհներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաստատված ծրագրերի շրջանակում նախատեսվում են նաև սուբվենցիոն ծրագրեր և կապիտալ ներդրումներ՝ այդ թվում մանկապարտեզների ու ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում։
Փաշինյանը ընդգծեց, որ ճանապարհների բարելավմանը զուգահեռ աճում է երթևեկության ծանրաբեռնվածությունը։
«Միջպետական նշանակության ճանապարհին խցանումը արդեն սովորական բան է դարձել, որը խնդիր է։ Մենք չենք տեսնում տարբերակ, որ ճանապարհների տեխնիկական հնարավորությունները կարողանանք ավելի արագ բարձրացնել, քան ավտոմեքենաների քանակը, բայց մեր ընդունած ռազմավարությամբ պետք է գնանք առաջ»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան