Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներից և հայցերից


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներին և ներկայացված հայցերին:


Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.


«Բոլորովին վերջերս՝ 2026 թվականի հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից մասնակի բավարարվել է Դատախազության հայցը՝ ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.


Ø  Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը,


Ø  Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ,


Ø  184 միլիոն 222 հազար 585 դրամ:


 


Նշեմ, որ Սարգիս Սահակյանի վճռից բացի, ունենք այլ անձանց վերաբերյալ կայացված վճիռներ, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել:


Մասնավորապես՝


1. Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.


Ø  Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որոնցից 1 կբռնագանձվի ամբողջությամբ, 2 գույքերի՝ ապօրինի գնահատված մասերը,


Ø  Բանկում ներդրված 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, դրանցից կուտակված ընդհանուր՝ 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները,


Ø  352 միլիոն 438 հազար դրամ:


2. Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 5-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.


Ø  8 անշարժ գույք, որոնցից 4-ը կբռնագանձվի ամբողջությամբ, մյուս 4-ը՝ ապօրինի ճանաչված մասերով,


Ø  1 իրավաբանական անձում 50% մասնակցությունը,


Ø  2 տրանսպորտային միջոց,


Ø  2 անշարժ գույքի և 1 տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ շուրջ 25 միլիոն դրամ,


Ø  85 միլիոն 430 հազար դրամ:


3. Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր դուստր՝ Անի Սարգսյանի: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.


Ø  Էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության 39341 հատ բաժնետոմս,


Ø  864 հազար ԱՄՆ դոլար ավանդ,


Ø  10 միլիոն 200 հազար դրամ,


Ø  4853 եվրո,


Ø  2 միլիոն 643 հազար դրամ:


4. Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.


Ø  9 անշարժ և 6 շարժական գույք,


Ø  1 իրավաբանական անձում մասնակցություն,


Ø  340 միլիոն դրամ:


Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում՝ օրինական ուժի մեջ մտած վճիռներով և հաշտություններով Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքի և դրամական միջոցների արժեքը կազմում է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ (շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար)։


Մասնավորապես, այս պահի դրությամբ օրինական ուժի մեջ մտած 2 դատական ակտերի և 11 հաշտության համաձայնությունների արդյունքում՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 12 անշարժ գույք, 2 շարժական գույք, 2000 բաժնետոմս, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել նաև 264 հազար ԱՄՆ դոլարի փոխառության պահանջի իրավունքը, ինչպես նաև ավելի քան 1 միլիարդ դրամ։


Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի գործով դատարանը բավարարել էր նաև շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամական պահանջ, որն ուղարկվել է հարկադիր կատարման ծառայություն բռնագանձումն ապահովելու նպատակով:


2026 թվականի հունիսի 17-ին կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն, որը մտել է օրինական ուժի մեջ։ Նշված հաշտության արդյունքում պետությանը ենթակա է վերադարձման ավելի քան 304 միլիոն դրամ։


Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում դատարան ներկայացված հայցերին, ապա նշեմ, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվում է 172 հայց, իսկ 2-ը դեռևս չեն ընդունվել վարույթ։ Դատարանում քննվող հայցերի ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 628 միլիարդ 600 միլիոն դրամ։ Հայցերով պահանջվում է բռնագանձել 1486 անշարժ գույք, 371 շարժական գույք, 464 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնց ընդհանուր չափը կազմում է շուրջ 464 միլիարդ 600 միլիոն դրամ»:

Leave a comment