Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի գործողություններից վնասը գերազանցել է 504 մլրդ ռուբլին

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի գործողություններից հասցված վնասը կազմել է 504.9 միլիարդ ռուբլ։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ-ի գործողությունների հետևանքով զոհվել է մարզի 640 բնակիչ, ևս 561 մարդ տուժել է, այդ թվում՝ 25 երեխա։ Ընդհանուր առմամբ, տուժող է ճանաչվել և հարցաքննվել 87 389 մարդ։

Պետրենկոն նշել է, որ քննիչները քրեական գործեր են քննում Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից մշակութային ժառանգության 53 օբյեկտների վնասման վերաբերյալ։ Դրանց թվում են Սուջայի Սուրբ Երրորդություն եկեղեցին, տեղի երկրագիտական թանգարանը, «Սուրբ Ծննդյան եկեղեցի» անսամբլը, «Դմիտրիևսկայա եկեղեցին» և Բարյատինսկիների «Մարյինո» կալվածքը(19-20-րդ դար)։

​«ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչությունը և գլխավոր ռազմական քննչական վարչությունը առկա և հեռակա կարգով մեղադրանք են առաջադրել 35 օտարերկրացի վարձկանների, որոնք մասնակցել են Կուրսկի մարզ ներխուժմանը։ Նրանց թվում կան Վրաստանի, ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և այլ երկրների քաղաքացիներ»,-նրա խոսքերը մեջբերում է ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը։

28 անձի վերաբերյալ քննությունն ավարտվել է, 7 քրեական գործ դեռ ընթացքի մեջ է։
2022 թվականից ի վեր ուկրաինական կողմի հարձակումներին ենթարկվել է ՌԴ 54 մարզ։ Դրա հետևանքով զոհվել է 1 472 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 45 երեխա։ Ընդհանուր առմամբ հարուցվել է 5 347 քրեական գործ՝ հատուկ ռազմական գործողության գոտու մաս չկազմող տարածքների վրա հարձակումների փաստերով։

Leave a comment