ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

06.08.2026 | 08:32

Հայաստանի անկախության 35-ամյակի շրջանակում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել միջոցառումների շարք, որոնց ընդհանուր ծախսը, նախնական հաշվարկով, կկազմի շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար։

Արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ միջոցառումներ կկազմակերպվեն օտարերկրյա պետություններում գործող ՀՀ 51 դիվանագիտական ներկայացուցչություններում։ Դրանք կներառեն պաշտոնական ընդունելություններ, համերգներ, ցուցահանդեսներ, գրքերի և լուսանկարների, ֆիլմերի ցուցադրություններ, գիտաժողովներ ու թեմատիկ քննարկումներ։

Միջոցառումների ընթացքում նախատեսվում է ներկայացնել Հայաստանի պատմությունը, մշակութային ժառանգությունը, ժամանակակից ձեռքբերումները, խաղաղության օրակարգը, ինչպես նաև երկրի զբոսաշրջային և ներդրումային հնարավորությունները։ Կներկայացվեն նաև հայկական խոհանոցը, գինեգործությունն ու հայրենական արտադրանքը։

ԱԳՆ-ի հաշվարկով՝ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ գումարը կտրամադրվի նախարարության ներքին միջոցների վերաբաշխման միջոցով։ Մասնավորապես, առաջարկվում է 260 մլն դրամ տեղափոխել «ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրից՝ «Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում» ծրագրին։

Նշված միջոցառման համար գումար էր նախատեսվել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների և անվտանգային իրավիճակի պատճառով Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների ավիատոմսերի փոխհատուցման նպատակով։ Սակայն, ԱԳՆ-ի տվյալներով, փաստացի դիմումների հիման վրա ծախսվել է շուրջ 140 մլն դրամ, և ծրագրում առկա է չօգտագործված մնացորդ։

Մնացած ֆինանսական միջոցները ևս նախատեսվում է ապահովել ԱԳ նախարարության բյուջետային հատկացումների հաշվին։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment