«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց

Հասարակություն

06.08.2026 | 00:46

Այսօր ձերբակալված «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը քիչ առաջ 2 ամսով կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և Առուստամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն ավելի վաղը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «քննվում է Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը»։

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ի (Սեդրակ Առուստամյան-խմբ.) և ընկերության տնօրեն Ա. Դ-ի (Արթուր Դալլաքյան-խմբ.) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը)»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Անի Թամրազյան

Leave a comment